«Հեքիաթ Շչելկունչիկի մասին». Ամանորի ներկայացում ռուսական թատրոնում
21-12-2017 12:19:10 | Հայաստան | Մշակույթ
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի փոքրիկների համար նախատեսել է «Հեքիաթ Շչելկունչիկի մասին» տոնական ներկայացում, որտեղ հաղթում են սերն ու բարությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Նորա Գրիգորյանը:
Բեմադրիչի խոսքերով`նոր ներկայացումը դուր կգա թե՛ փոքրերին, թե՛ մեծերին. «Այս ներկայացման գաղափարը պատահական ծնվեց: Այս պիեսն ինձ առաջարկեց բեմադրել Մարինա Մարինոսյանը, որն էլ մշակել է այն: Անկեղծ ասած, ցանկություն կար բեմադրելու «Ձյունե թագուհին» հեքիաթը, սակայն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց. այն հաջորդ տարի եմ բեմադրելու»:
Խոսելով նոր ներկայացման մասին`Ն. Գրիգորյանն ասաց. «Կարդալով պիեսը` հասկացա, որ չեմ կարող հրաժարվել դասական երաժշտությունից: Չայկովսկու երաժշտությունը բոլորին Է հաճելի`անկախ տարիքից ու սեռից: Ներկայացման մեջ առկա են նաև որոշ օպերային տարրեր: Վոկալի հարցում մեզ շատ օգնեցին պրոֆեսիոնալ օպերային երգիչները`ի դեմս գլխավոր դերակատար Անի Հակոբյանի, որը ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան: Երգերի ձայնագրություններին ներկա են եղել անվանի մասնագետ Նելլի Պիրումովան և նրա դուստրը`Մարիա Քոչարյանը»:
Ն. Գրիգորյանը նաև ասաց, որ իրենց հաջողվել է ստանալ գունեղ երաժշտական հեքիաթ. «Այս ներկայացումն իր բեմադրական լուծումներով նման չէ իմ նախորդ գործերին: Ի դեպ, այս անգամ ևս երգերի ընտրությունն ինքս եմ արել, խոսքերն էլ ինքս եմ գրել: Պարերի հարցում ինձ շատ օգնեց պարուսույց Նունե Կիրակոսյանը, և շեշտը դրվեց այս անգամ բեմում ոչ թե բուն պարեր բեմադրելու վրա, այլ պլաստիկ շարժումներ ստանալու, և այն տպավորիչ է: Իմ խորին շնորհակալությունն եմ ցանկանում ասել նաև բեմանկարիչ Արթուր Հարությունյանին և զգեստների նկարիչ`Ինեսա Սևունցին»:
Լուսանկարները` Ալեքսանդր Գրիգորյանի
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին