Դեկտեմբերի 19–ին Նիկոլաևում տեղի ունեցավ «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցում էին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նիկոլաևի և Խերսոնի հոգևոր հովիվ Տեր Վարագ քահանա Յապարյանը, ՈւՀՄ-ի Նիկոլաևի և Խերսոնի մարզային կառույցների ղեկավարները, բարերարներ, ինչպես նաև Նիկոլաևի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին «Տապան» հոգևոր մշակութային կենտրոնի բացման կապակցությամբ՝ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը բարձր գնահատեց բարերարների և համայնքային կառույցների ղեկավարներիի աջակցությունը, ինչպես նաև հոգևոր հովվի անմիջական մասնակցությունը մատաղ սերունդների դաստիարակության, հայապահպանության և հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում:
Միջոցառման ընթացքում հնչեցին հայկական և ուկրաինական երգեր և բանաստեղծություններ: Ներկաները նաև հնարավորություն ունեցան ծանոթանալու խերսոնաբնակ տաղանդաշատ նկարչուհի Իդա Թումանյանի գործերին: