Մասիսում բնակվող Դարբինյանների բազմազավակ ընտանիքի կյանքն ամեն վայրկյան վտանգված է (տեսանյութ)


Մասիսում բնակվող Դարբինյանների բազմազավակ ընտանիքի կյանքն ամեն վայրկյան վտանգված է (տեսանյութ)

  • 25-12-2017 12:27:40   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մասիս քաղաքի 4-րդ փողոցում բնակվող Դարբինյանների բազմազավակ ընտանիքի կյանքն ամեն վայրկյան վտանգված է: Վթարային շենքում ապրող ընտանիքը բաղկացած է 7 անդամից, ընդ որում հինգն անչափահաս երեխաներ են: 
 
Ընտանիքի հայրը՝ Գևորգ Դարբինյանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունի, իսկ մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, վատառողջ է. Գոյատևում են պետության կողմից տրամադրվող 50 հազար դրամ նպաստով և ընտանիքի հոր 16 հազար դրամ թոշակով: 
 
Մի փոքրիկ սենյակում տեղավորված ընտանիքի անդամներից երեքը քնում են տանը գոյություն ունեցող միակ բազմոցի վրա, ամենակրտսերը՝ մահճակալում, իսկ մյուսները հատակին: Սակայն այս հանգամանքն այնքան ապշեցնող չէ, որքան այդ սենյակ տանող ճանապարհը: 
 
Նախկինում հանրակացարան ծառայած շենքի երկրորդ հարկ բարձրանալու համար իսկական փորձությունների մեջով պետք է անցնել: Տան առջևի մասում գտնվող բաց պատշգամբն այնքան է հեռացել տնից, որ Գևորգը ստիպված է եղել կամուրջի դեր տանող տախտակ դնել՝ սենյակի շեմը կապելով պատշգամբին: 
Ընդ որում՝ մեկ անզգույշ քայլ և ցանկացած մեկը կարող է նեղլիկ կամրջի հարևանությամբ գտնվող 2,5 մետր բարձրությամբ անցքից ցած ընկնել: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հ. Հակոբյանը, ամուսինը նախկինում շինարարական աշխատանքներ է կատարել և հոգացել սեփական ընտանիքի կարիքները, իսկ նախորդ տարի գլխուղեղի կաթված է ստացել և հիմա ի վիճակի չէ ֆիզիկական աշխատանք կատարելու: 
 
«Մեզ ոչ ոք չի օգնում: Մենք մեր թոշակով ու նպաստով մի կերպ յոլա ենք գնում, իմ հարազատներն էլ են երես թեքել մեր աղքատության պատճառով: Ամուսինս չի աշխատում. Ինսուլտի պատճառով ձեռքը թույլ է, դրա համար էլ ֆիզիկական աշխատանք չի կարողանում անել»,- նշեց նա՝ հավելելով, որ չնայած դժվարություններին, այդուհանդերձ, կարողանում են  երեխաներին մեծացնել ու դպրոց ուղարկել: 
 
34-ամյա Հռիփսիմեն անկեղծանում է. Սեփական մայրը և եղբայները, ովքեր ապահովված են և ապրում են Ռուսաստանում, իրեն օգնության ձեռք չեն մեկնել, պատճառն էլ այն է, որ ժամանակին դեմ են եղել Հռիփսիմեի ու Գևորգի ամուսնությանը. «Մի քանի ամիս առաջ էլ տղա երեխաս մահացավ, ու նրանցից ոչ ոք չեկավ»: 
 
Հ. Հակոբյանի փոխանցմամբ՝ դպրոցահասակ երեք երեխաներն օգտնվում են որոշակի արտոնություններից, մասնավորապես, անվճար դասագրքեր են ստանում և սնվում դպրոցի ճաշարանում: 
 
Օգնություն ստանալու նպատակով Հռիփսիմեն անգամ հեռուստաընկերություններին է դիմել, բայց ապարդյուն: Խոստացել են օգնել, մինչդեռ նկարահանումներից հետո նրա իսկ բնորոշմամբ՝ անհետացել են:
 
Մեզ հետ զրույցում էլ երիտասարդ կինն առանձնակի ակնկալիքներ չուներ, միայն խնդրեց բարի մարդկանց հնարավորության դեպքում երեխաներին օգնել հագուստով և կոշիկով: 
 
Դարբինյանների ընտանիքը չունի կենցաղային տարրական պայմաններ՝ խմելու ջուր, գազ, սանհանգույց: 
Ավագ դուստրը՝ 8-ամյա Սաթենիկը մոր հիմնական օգնականն է: Հենց այս փոքրիկ աղջնակն է հարևան ավտոլվացման կետից ամեն օր մեծ տարաներով ջուր բերում: 
 
Հարցին, թե ինչ կցանկանար, որ Ամանորին Ձմեռ պապը նվիրեր, առաջինը նշեց գրենական պիտույքներ, հետո տաք հագուստ և փոքրիկ քրոջ ու եղբոր համար խաղալիքներ: 
 
Նույն հարցին ի պատասխան՝ Հռիփսիմեն առողջություն խնդրեց, հետո վառելափայտ ձմեռը մի կերպ անցկացնելու համար: 
 
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Գևորգ Դարբինյանին 093 38 71 73 հեռախոսահամարով: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play