Սահմանամերձ բաղանիսցիները Ձմեռ պապից խաղաղություն և աշխատատեղեր են խնդրում (տեսանյութ)


Սահմանամերձ բաղանիսցիները Ձմեռ պապից խաղաղություն և աշխատատեղեր են խնդրում (տեսանյութ)

  • 25-12-2017 17:21:49   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները Ձմեռ պապից խաղաղություն և աշխատատեղեր են խնդրում: 
 
Ինչպես դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տավուշի մարզի Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը, անցնող 2017 թվականը ձեռքբերումներով լի տարի է եղել: 
 
Ըստ նրա, մասնավորապես, լուծվել է գյուղի գազաֆիկացման, խմելու և ոռոգման ջրի, փողոցների լուսավորության և այլ ենթակառուցվածքային հարցեր: 
 
«Վերջին 4-5 տարիների ընթացքում Բաղանիսը դոնորական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների պակաս ընդհանրապես չի ունեցել, և կարողացել ենք այս տարիներին ենթակառուցվածքների հետ կապված բոլոր հարցերը լուծել, այսինքն՝ գյուղը բերել ենք նորմալ կենցաղային մակարդակի, ինչպիսին կուզեր տեսներ այսօրվա գյուղացին կամ ՀՀ քաղաքացին»,- նշեց Ն. Սահակյանը: 
 
Վերջինս, անդրադառնալով այս տարի իրականացված աշխատանքներին, նշեց, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ կարողացել են 3 հա պտղատու այգիներ տնկել, որի շահառուները Բաղանիսում բնակվող 4 ընտանիքի 21 անդամներն են: 
 
Համայնքապետի խոսքերով՝ նման ծրագիր Խորհրդային միության փլուզումից ի վեր չէր իրականացվել Բաղանիսում, և այն հնարավորություն է տալիս այգու սեփականատերերին հաջորդ տարի սպասել բերքառատ աշնան: 
 
««Ջո Յալեկզյան» հիմնադրամի և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ այս տարի գրեթե 1 կիլոմետրով ոռոգման ցանցն է ընդլայնվել. 2012 թվականին խաղողի այգիներն ապահովել էինք ոռոգման ջրով, բայց մեկ հատված դուրս էր մնացել, և այս տարի հաջողվեց այդ հատվածը ևս ապահովել ոռոգման ջրով»,- փաստեց Ն. Սահակյանը՝ հավելելով, որ բերքահավաքի հետ կապված խնդիրներ չեն առաջացել, քանի որ գյուղացիները հիմնականում մշակում են անվտանգ հողամասերը: 
 
Խոսելով 2018 թվականի ծրագրերի մասին՝ Բաղանիսի համայնքապետը տեղեկացրեց, որ գալիք տարում «Փարոս» հիմնադրամի և «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի համատեղ ֆինանսավորմամբ նոր մանկապարտեզ է կառուցվելու՝ ապահով ապաստարանով: 
 
Նրա փոխանցմամբ՝ այս պահին Բաղանիսի 18 փոքրիկները հաճախում են գյուղապետարանի շենքում գործող մանկապարտեզ, իսկ նոր կառուցվող մանկապարտեզ հաջորդ տարի կհաճախի 24 փոքրիկ: 
 
Բացի այդ, Բաղանիսում հաջորդ տարի «Առողջ սունկ» կազմակերպությունը 300 մլն դրամի չափով ներդրում կկատարի, որի արդյունքում սոահմանամերձ գյուղում սնկի աճեցման ջերմոցային տնտեսություն կհիմնվի և շուրջ 40 երիտասարդ բաղանիսցի աշխատանք կունենա: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ կխնդրեին Ձմեռ պապից բաղանիսցիները, Ն. Սահակյանը, մասանավորապես, նշեց. «Բաղանիսցիները Ձմեռ պապից խաղաղություն ու աշխատատեղեր են ուզում, որպեսզի զբաղվածության հարցը լուծվի և չթողնեն իրենց գյուղը հեռանան, նաև բաղանիսցիների կողմից բերել եմ այն խոսքը, որ մենք մեր սահմանն ու գյուղը պահելու ենք, և այն բոլոր ԶԼՄ-ներն ու սոցցանցերը, որոնք գրում են, թե իբր Բաղանիսում խուճապ կա, այդպես չէ. Առիթի դեպքում կարող եք ինքներդ գալ և համոզվել, որ ամեն ինչ կարգին է»:  
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն