Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001։2015 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի


Երևանի քաղաքապետարանն արժանացել է կառավարման համակարգի ISO 9001։2015 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի

  • 26-12-2017 16:07:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանն արժանացել է միջազգային  հեղինակավոր «Top Ten Award» կազմակերպության կողմից ISO 9001։2015 «Որակի կառավարման համակարգ. Պահանջներ» միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։ Երևանի ավագանու նիստի սկզբում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, հավաստագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Top Ten Award» կազմակերպության հայաստանյան գործընկեր «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը։ 
 
Փորձագետների կողմից Երևանի քաղաքապետարանին կառավարման համակարգի ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագրի շնորհումը, ըստ Ենոք Ազարյանի, կայացվել է Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման աուդիտի արդյունքում: Հարկ է նշել, որ 2014-ին Երևանի քաղաքապետարանին արդեն շնորհվել էր կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրենը նաև տեղեկացրել է, որ աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության կազմակերպման առավել արդյունավետ մեխանիզմներ ու սկզբունքներ:
Շնորհակալություն հայտնելով հեղինակավոր միջազգային կազմակերպության կողմից բարձր գնահատականի առթիվ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ  ISO 9001:2015 հավաստագրին Երևանի քաղաքապետարանի արժանանալը 2013-2017 թվականների ընթացքում կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմի հետևողական ջանքերի արդյունքն է: Քաղաքապետը նաև նշել է, որ կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 պահանջներին քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով, թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ արձագանքել մայրաքաղաքի առջև ծառացող մարտահրավերներին, ժամանակին ու հասցեական լուծումներ առաջադրել մայրաքաղաքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն