«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն


«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

  • 26-12-2017 16:10:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակեցին քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերի որոշ դրույթների շուրջ։
 
Նախաձեռնության անդամները ներկայացրին իրենց գրավոր առաջարկությունները՝ ընդգծելով, որ հիմնական, սկզբունքային տարաձայնությունը աջ ղեկով մեքենաների հաշվառման արգելքին է վերաբերում։ 
 
Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերին տրվեցին պարզաբանումներ։ 
 
Նախաձեռնող խմբի գրավոր առաջարկները  կքննարկվեն նախագիծը մշակող միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ։  Արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը և «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչներին։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն