Հայաստանում հնարավոր չէ կանխել որսագողությունը, քանի դեռ կենդանիների պաշտպանության մասին օրենքն անկատար է (տեսանյութ)
26-12-2017 18:00:10 | Հայաստան | Հասարակություն
Հայաստանում կենդանիների պաշտպանության մասին օրենքն անկատար է, և այս քայլերով ընթանալու դեպքում հնարավոր չի լինի կանխել որսագողությունը:
Նման համոզմունք դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին կենդանապաշտպաններ Սիլվա Ադամյանը, Նարե Արամյանը, և Կարինե Փանոսյանը:
Ըստ «Թռչնասերերի կենտրոն ՀԿ», "Help Dolphins" նախաձեռնության հիմնադիր և անդամ Ս. Ադամյանի՝ 2017 թվականը կենդանիների պաշտպանության առումով բուռն տարի էր, որի ընթացքում որսագողության և կենդանիների նկատմամբ դաժան մարդկային վերաբերմունքի դեպքեր բացահայտվեցին:
«Հասարակական կազմակերպությունների ու անհատների կողմից բազմաթիվ միջոցառումներ արվեցին անազատության մեջ գտնվող կենդանիներին ազատելու համար, այս առումով արջերի դեպքը դրական եմ գնահատում: Մյուս խնդիրը որսագողությունն է, երբ ֆեյսբուքյան էջերով և ինտերնետ կայքերով նկատեցինք կենդանիների նկատմամբ դրսևորված դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում չկա օրենք, որով կպատժվեն վերոնշյալ մարդիկ:
Ս. Ադամյանի խոսքերով՝ անազատության մեջ գտնվող կենդանիներից են նաև դելֆինները, որոնք գտնվում են Դիլիջանի դելֆինարիումում, որտեղ չկան պատշաճ պայմաններ նշյալ կենդանիներին պահելու համար:
Իր հերթին «Փրո Փոուզ կենդանապաշտպան կազմակերպություն», "Help Dolphins" նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանն ընդգծեց, որ դելֆինների խնդրով ՀՀ բնապաշտպանության նախարարության բնապահպանական տեսչությունն իրենց պատասխանել է, որ Դիլիջանի դելֆինարումի բոլոր պայմանները համապատասխանում են չափորոշիչներին:
«Բայց ով է որոշել այդ չափորոշիչները Հայաստանում, և որ պայմաններին են համապատասխանում: Ըստ էության Հայաստանը ծովային երկիր չէ, հետևաբար մենք չունենք մեր չափորոշիչները, ուստի տվյալ դեպքում պետք է հիմնվեին միջազգային չափորոշիչների վրա՝ չհիմնավորելով, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: Մինչդեռ շատ հստակ է, որ ծովի մակեևույթից ցածր ապրող կենդանին չի կարող ապրել ծովի մակերևույթից իր բնական միջավայրից 2000 մետր բարձրության վրա, և եթե հիշենք նաև, որ այս կենդանիներն օրական լողում են մինչև 600-800 կմ, բնականաբար 25 մետրանոց լողավազանը չի կարող նրանց նորմալ պահանջը բավարարել»,- փաստեց կենդանապաշտպանը՝ ընդգծելով, որ քլորացված ջրում դելֆիններն արագ կուրանում են:
Կ. Փանոսյանը, բացի արջերի դեպքից, հիշեցրեց նաև գայլի դեպքի մասին, որն այդպես էլ լուծում չի ստացել:
Նա, մասնավորապես, նշեց, որ գայլին շների հետ տանում են զբոսանքի, և մի օր կարող է կենդանու բնազդն արթնանալ և լուրջ վնասներ հասցնել:
Իրավապաշտպան, կենդանապաշտպան, «Pro Paws» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի գնահատմամբ, եթե ոլորտում այս տարվա ընթացքում ինչ-որ դրական տեղաշարժ նկատվել է, ապա դա եղել է միայն ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների համատեղ և ակտիվ գործակցության շնորհիվ:
«Այլ խնդիր է, որ նման դրական տեղաշարժը չափազանց դանդաղ է մեզ բերելու պետական մակարդակով դրական արդյունքի: Ինչու, որովհետև նախևառաջ օրենսդրական բացարձակ բացը և եղած օրենսդրության ամենավատ ազդեցությունն ստեղծված իրավիճակում չի կարող տալ դրական արդյունք: Ստացվում է, ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չլիներ և մենք ինքնադատաստանի միջոցով հարցերը լուծեինք, քան որ կա, բայց չի գործում»,- նկատեց Ն. Արամյանը՝ շեշտելով, որ օրենքի բացակայությունը չի խանգարում իրավիճակը կարգի բերել գերատեսչությունների որոշումների մակարդակով:
Նրա համոզմամբ՝ այլևս որևէ կասկած չկա, որ ոլորտում առկա խնդիրները պետք է լինեն կառավարության անմիջական հսկողության ներքո:
Կենդանապաշտպանների տեղեկացմամբ՝ իրենք կենդանիների պաշտպանության մասին օրենսդրական փաթեթ են մշակել և ներկայացրել Կառավարություն՝ հույս ունենալով, որ դրան անդրադարձ կկատարվի 2018 թվականին: