Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել


Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել

  • 29-12-2017 11:48:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի Ավետ Գաբրիելյանի անվան արվեստի դպրոց, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 300 սաների առջև: Քաղաքապետը շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, զրուցել աշխատակիցների և սաների հետ: Օգտվելով առիթից, արվեստի դպրոցի տնօրենը դպրոց հաճախող սաների ծնողների շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: Քաղաքապետն էլ իր հերթին նկատել է, որ վերանորոգումից հետո այս կառույցը ևս լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:
 
«Այսօր կարող ենք փաստել, որ Երևան քաղաքում այլևս չվերանորոգված երաժշտական դպրոց չունենք և այն խնդիրը, որ դեռևս մի քանի տարի առաջ դրել էինք մեր առջև, ամբողջովին լուծում է ստացել: Առաջիկա տարիներին մենք արդեն հետևողականորեն կշարունակենք մայրաքաղաքի մշակութային օջախների գույքի թարմացման և երաժշտական նոր գործիքների ձեռքբերման ուղղությամբ իրականացվող ծրագրերը», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Շուրջ կեսդարյա պատմություն ունեցող մշակութային կրթօջախում մշակութասեր սերունդ կրթելու և դաստիարակելու համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Իրենց կատարումներով ողջունելով Երևանի քաղաքապետին՝ արվեստի դպրոցի սաները նշել են, որ Ամանորի ամենասպասված նվերն արդեն իրականություն է դարձել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն