Սերժ Սարգսյանը ցրեց անորոշությունը, ցույց տալով, թե ինչ մեխանիզմով է պատրաստվում խանգարել Կարեն Կարապետյանին


Սերժ Սարգսյանը ցրեց անորոշությունը, ցույց տալով, թե ինչ մեխանիզմով է պատրաստվում խանգարել Կարեն Կարապետյանին

  • 29-12-2017 14:45:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 28-ին այցելել է Գյումրի, հայտարարելով, թե 100 միլիոն դրամ է հատկացնելու քաղաքի սոցիալապես անապահովներին տոնական օգնություն ցույց տալու համար, որ նրանք կարողանան գոնե Նոր Տարին դիմավորել ուրախ տրամադրությամբ եւ մսով ու կարագով:
 
Գագիկ Ծառուկյանը թերեւս կհոգա, որպեսզի 100 միլիոնը լիարժեք հասնի սոցիալապես անապահովներին: Այդ փողը բաժանելու են նրա խմբակցության գյումրեցի պատգամավորներ Վարդան Ղուկասյանի եւ Վարդեւան Գրիգորյանի գրասենյակները:
Ծառուկյանը Գյումրիում արել է մի քանի հատկանշական հայտարարություն, որի ակնառու թիրախը Կարեն Կարապետյանի կառավարությունն է եւ թերեւս անձամբ Կարապետյանը: Ծառուկյանը հայտարարել է, որ եթե չկա տնտեսական աճ, զարգացում, եթե մարդիկ չեն զգում իրենց կյանքի փոփոխություն, ապա բնական է, որ ավելանալու են իր բարեգործության ակնկալիքն ունեցող շերտերը: Մյուս հայտարարությունը Ծառուկյանն արել է Գյումրիում ներդրումների վերաբերյալ, ասելով, թե ծրագիր լինելու դեպքում ինքը պատրաստ է ֆինանսավորել, ներդրում անել:
Բանն այն է, որ Գյումրիում ներդրումային ծրագրեր բավական աշխույժ փորձում է առաջ մղել հենց վարչապետ Կարեն Կարապետյանը, որը պարբերաբար անդրադառնում է քաղաքի զբոսաշրջային ներուժը զարգացնելու համար նախաձեռնված Կումայրի պատմական հատվածի վերականգնման ծրագրին: Ավելին, Կարապետյանն ինքը ներդրում է արել այդ ծրագրում՝ կես միլիոն դոլար, իր ընտանիքի անունից:
Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Կարապետյանի այդ ծրագիրը չի դիտում բավական հեռանկարային եւ շահեկան, այլապես կաներ իր ներդրումը:
Ծառուկյանի Գյումրի այցը գործնականում անվստահություն է Կարեն Կարապետյանին եւ դրա դրսեւորումը ուշագրավ է այն ժամանակահատվածում, երբ Կարապետյանն իր բացառիկ հարցազրույցում առաջին անգամ հայտարարել էր, որ 2018-ի վարչապետի հարցում անորոշությունը խանգարում է բիզնեսին եւ տնտեսությանը: Դա գործնականում վարչապետի դիտողությունն էր Սերժ Սարգսյանին:
Վերջնագի՞ր էր այն, դժգոհությու՞ն, թե՞ պարզապես անելանելիությունից եւ անխուսափելիությունից բխող ակամա դիմադրություն: Բավական բարդ է ասել, քանի որ պարզ չէ, թե ընդհանրապես ինչպիսի տեղ է ունեցել 2018-ի վերաբերյալ այդ վիճակը Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի այն երկար ու հանգամանալից զրույցում, որի մասին Սարգսյանը հայտարարում էր 2016-ի սեպտեմբերին ՀՀԿ գործկոմի նիստում:
Բայց հանգամանքը, որ Կարեն Կարապետյանն առաջին անգամ հրապարակավ հայտարարում է անորոշության խանգարող հանգամանք լինելու մասին, բավական խոսուն է: Դրա համատեքստում հատկանշական է Գյումրիում Ծառուկյանի հայտարարությունը, հատկապես նկատի ունենալով այն, որ նախօրեին էլ Ծառուկյանը եղել էր Սերժ Սարգսյանի հետ՝ հանրապետության 10 լավագույն մարզիկների մրցանակաբաշխությանը:
Դրանից հետո Գագիկ Ծառուկյանը թիրախային պատասխան է տալիս Կարեն Կարապետյանին, որը կարող է դիտվել նաեւ հենց Սերժ Սարգսյանի պատասխանը նրան: Թերեւս պատահական չէ նաեւ, որ պատասխանի այսպես ասած հարթակ դիտարկվել է Գյումրին, քանի որ Կարեն Կարապետյանը փորձում է իր վարչապետական կապիտալի էական գեներատոր դիտարկել Հայաստանի երկրորդ քաղաքի կերպարանափոխումը, վերափոխումը:
Գյումրին այդ առումով իսկապես խիստ խորհրդանշական է մի շարք առումներով: Ի վերջո, հենց Գյումրիում Սերժ Սարգսյանն արեց նաեւ իր հայտնի հայտարարությունը 2013 թվականի նախագահի ընտրությանը՝ «ինչքան ուզեմ, կխփեմ»:
Գործնականում այժմ էլ իրավիճակը հավասարազոր է նախագահի ընտրության, պարզապես թեկնածուները գերազանցապես իշխանության շրջանակում են եւ գուցե դրա համար Սարգսյանը նախընտրում է պատասխանել ոչ թե անձամբ, այլ ընդդիմության դիրքերում գտնվող Ծառուկյանի միջոցով:
Գյումրիում Սարգսյանը որոշակիորեն ցրեց անորոշությունը, Ծառուկյանի միջոցով, թերեւս ցույց տալով, թե իրականում ինչ մեխանիզմով է պատրաստվում խանգարել Կարապետյանին, ընդ որում գուցե ավելի շատ 2018-ից հետո, քան մինչ այդ:
Վերջին հաշվով, Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործոն ըստ էության զբաղեցրել է ներքաղաքական կամ ներհամակարգային տարածությունում այն դերը, որի վրա սայթաքել է արդեն երկու վարչապետ՝ Տիգրան Սարգսյան եւ Հովիկ Աբրահամյան, ամեն մեկն իհարկե յուրովի, բայց ընդհանուր հետեւանքով:
Ընդ որում, սայթաքելուն թերեւս շատ մոտ էր նաեւ հենց ինքը՝ վարչապետ Սերժ Սարգսյանը 2007 թվականին, երբ միայն մայիսի խորհրդարանի ընտրության օրվա երկրորդ կեսին հնարավոր եղավ փոխել վիճակը եւ թույլ չտալ, որ 400 հազար անդամ ունեցող ԲՀԿ-ն հավաքի իր ունեցած ձայների կեսից ավելին:
Դրանից հետո Ծառուկյանը կամա թե ակամա, խոշոր հաշվով դարձավ Սարգսյանի ամենաամուր եւ հուսալի հենարանը, այն բանից հետո, երբ Սարգսյանը պարզապես սկսեց իր պլաններում անհրաժեշտ չափով հաշվի առնել Ծառուկյանի գործոնն ու շահը:
2015 թվականի փետրվարից հետո, երբ տեղի ունեցավ Ծառուկյանի «հեռացումը» քաղաքականությունից, առիթ ունեցա կարծիք հայտնելու, որ դե ֆակտո խոսքը ոչ թե Ծառուկյանի հեռացման մասին է, այլ Ծառուկյանից հեռացման՝ երկու նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ մեկ ապագա նախագահի հավակնություն ունեցող Հովիկ Աբրահամյանի: 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play