Տարեվերջյան ընդունելություն՝ Երևանի քաղաքապետարանում


Տարեվերջյան ընդունելություն՝ Երևանի քաղաքապետարանում

  • 29-12-2017 17:53:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված տարեվերջյան ընդունելության ժամանակ,  որին մասնակցել են Երևանի ավագանու անդամներ, քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցների ներկայացուցիչներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ամփոփել է 2017 թվականի ձեռքբերումներն ու շնորհավորել  ներկաներին՝ գալիք տոների առթիվ:
 
«Ավանդույթի համաձայն` Ամանորի նախաշեմին ամփոփում ենք անցնող տարին: Ամենօրյա աշխատանքային առօրյայում, անշուշտ, դժվար է տեսնել կատարվող աշխատանքի ծավալներն ու գնահատել այն բոլոր ձեռքբերումները,  որոնք, միանշանակ, մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է: Բայց պետք է փաստենք, որ Երևան քաղաքը վերջին տարիներին ունի շատ ձեռքբերումներ:
Համոզվա՛ծ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն այսօր անկեղծորեն հպարտ է, որ նաև ի՛ր նվիրված աշխատանքի շնորհիվ Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, հարմարավետ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ: 
Մեզ աջակցել ու օգնել են նաև տարբեր գերատեսչություններ, ինչի համար իմ և մեր աշխատակազմի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ համոզված, որ շարունակելու ենք համատեղ իրականացնել Երևանի զարգացմանն ուղղված մեր ծրագրերը: Երևանցիները մեզնից ակնկալում են ավելին և մենք, կրկնապատկելով մեր ուժերը, պետք է անենք ավելին, ինչը ամրագրել ենք նաև Երևանի զարգացման մեր 5-ամյա ծրագրում:
2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր քաղաքի համար, նշելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Վստա՛հ եմ, որ մենք միասնաբար կանենք ամեն ինչ, որպեսզի ողջ տարվա ընթացքում աշխարհին հպարտությամբ և արժանավայել ներկայացնենք մեր Երևանն ու երևանցու հյուրընկալ ջերմությունը: 
Հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին բազում հաջողություններ և ձեռքբերումներ, նաև ուժ ու եռանդ, որ շարունակենք զարգացնել մեր սիրելի քաղաքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ, տարեվերջյան տոնական ընդունելության շրջանակում, 2017 թվականի ընթացքում Երևանի վարչական շրջանների ղեկավարների գործունեության գնահատման արդյունքում բարձր միավորներ ստանալու և առաջին տեղը զբաղեցնելու համար, Երևանի քաղաքապետի պատվոգրերով են պարգևատրվել Շենգավիթ և Դավթաշեն, 2-րդ տեղի համար՝ Ավան, և 3-րդ տեղի համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների աշխատակազմերը: 
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Երևանի քաղաքապետի որոշմամբ 2017 թվականի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարաման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքային գործունեության համար, քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ Քրիստինե Ավետիսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Աշխատանքային արդյունավետ գործունեության, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևարվել նաև «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ գյուղատնտես Գրիգոր Վասիլյանը:
2017 թվականին արդյունավետ ու բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, ինչպես նաև  քաղաքապետարանի ենթակայության մի շարք կառույցների աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն