Թալիշեցիների համար Չարենցավանում դժվար է․ աշխատատեղեր չկան. 1in.am (տեսանյութ)
29-12-2017 18:40:33 | Կոտայքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Թալիշից տեղահանվածների մի ստվար զանգված տեղափոխվեց Չարենցավան քաղաք։ Չարենցավանում թալիշեցիների համայնք կար դեռևս 90-ական թվականներից հետո, սակայն տարիներ անց նրանք աստիճանաբար հետ էին գնացել Թալիշ, նորոգել իրենց բնակարանները և վերահաստատվել Թալիշում։ Քառօրյայից հետո, սակայն, պատմությունը նորից կրկնվեց։
Չարենցավանի քաղաքապետի խորհրդական Սուրեն Մուրադյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրերին 2000-ից ավելի թալիշեցի էր տեղափոխվել, սակայն աստիճանաբար վերադարձել են հիմնականում Ալիշան համայնք։ «Ղարաբաղի կառավարությունից եկան, քաղաքապետարանում ժողով եղավ, նրանք Ալիշանում բնակվելու տարբերակներ առաջարկեցին, տուն, անասնագոմ, անասուններ, և շատերը համաձայնեցին ու գնացին։ Հիմա մի քանի ընտանիք է մնացել այստեղ»,- ասաց Մուրադյանը՝ հավելելով, որ թալիշեցիների համար Չարենցավանում դժվար է նրանով, որ աշխատատեղեր չկան. աշխատատեղերի խնդիրը Չարենցավանում առհասարակ սրված է։
Ինչ վերաբերում է թալիշեցիներին տրամադրվող աջակցությանը, ապա Մուրադյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից քաղաքապետարանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի և մի շարք այլ հասարակական կազմակերպությունների հետ ամենօրյա ռեժիմով աջակցություն է ցուցաբերել։ Ներկայումս համայնքապետարանի աջակցությունը նվազել է, սակայն անհրաժեշտության դեպքում ամեն ինչով աջակցում են։