2018-ի հունվարի 1-ից եւ հետագա տարիներին թանկացման ենթակա ապրանքների ցանկը


2018-ի հունվարի 1-ից եւ հետագա տարիներին թանկացման ենթակա ապրանքների ցանկը

  • 29-12-2017 18:22:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կբարձրանան մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկերը: Դա կարող է հանգեցնել այդ ապրանքատեսակների գների թանկացմանը: Մասնավորապես, ավելանալու են ծխախոտի, ոգելից խմիչքի, բենզինի, սեղմված գազի ակցիզային հարկերը:

 
Ընդ որում, որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը թանկանալու է շարունակաբար՝ մինչև 2021 թվականը:
Պաշտոնական թվերով, սպիրտային խմիչքների մեկ լիտրի համար 2018 թվականի հունվարից սահմանվելու է 725 դրամ ակցիզային հարկ՝ ներկայիս 550 դրամի փոխարեն: 2019-ին այդ դրույքաչափը դարձյալ կբարձրացվի՝ կազմելով մեկ լիտրի համար 835 դրամ, 2020-ին՝ 960 դրամ, իսկ 2021 թվականին՝ 1100 դրամ:
Վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմերի համար հաջորդ տարվա հունվարից մեկ լիտրի դեպքում սահմանվելու է 3970 դրամ ակցիզային հարկ, 2019-ին՝ 4560 դրամ, 2020-ին՝ 5250 դրամ, իսկ 2021-ին՝ 6035 դրամ:
Ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը ևս մինչև 2021 թվականը շարունակաբար բարձրանալու է: Այսպես, 2018 թվականի հունվարին ծխախոտի արտադրությունը 1000 հատի հաշվով հարկվելու է 7275 դրամ ակցիզային հարկով՝ ներկայիս 5500 դրամի փոխարեն: 2019 թվականին դրույքաչափը կկազմի 8370, 2020-ին՝ 9625, իսկ 2021 թվականին՝ 11070 դրամ:
Սեղմված բնական գազի համար ներկայում սահմանված է հետևյալ դրույքաչափը՝ 1000 խմ համար 8330 դրամ: 2018 թվականի հունվարի մեկից սեղմված բնական գազի ակցիզային հարկը 1000 խմ համար կկազմի 23 000 դրամ:
Բենզինի մեկ տոննայի համար այսօր սահմանված է 25 000 դրամ ակցիզային հարկ, իսկ 2018 թվականի հունվարի մեկից այն կկազմի 40 000 դրամ:
Նշենք, որ ակցիզային հարկի դրույքաչափերի այս փոփոխությունները Հայաստանին պարտադրվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում մի շարք հարկատեսակների դրույքաչափերը ԵՏՄ անդամ երկրների սահմանած դրույքաչափերից ավելի ցածր են: Դրանք պետք է շարունակաբար բարձրանան և 2021 թվականին համապատասխանեցվեն ԵՏՄ անդամ երկրների դրույքաչափերին:
Մասնագետներն արդեն կանխատեսում են, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման չափով վերոնշյալ ապրանքների գների թանկացում է լինելու: Կան տեղեկություններ, որ սեղմված գազի թանկացման հետևանքով թանկանալու են հասարարական տրանսպորտի ու տաքսիների սակագները:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը