«Եվրոստան Ույուտ»-ը տոնական համերգով շնորհավորեց սեփական աշխատակիցների ու համաքաղաքացիների Ամանորը (տեսանյութ)
30-12-2017 20:01:52 | Հայաստան | Հասարակություն
Արտադրության և շինարարության ոլորտում մասնագիտացած «Եվրոստան Ույուտ» ընկերությունը 2017 թվականն ամփոփում է բացօթյա տոնական համերգով՝ բարձր տրամադրություն ապահովելով ոչ միայն սեփական աշխատակիցների, այլև մայրաքաղաքի բոլոր բնակիչների համար:
Ավանդական տարեվերջյան միջոցառումը հատկապես երիտասարդների հետ անցկացնելու ցանկությունը, ինչպես ընկերության տնօրենն է ասում, պայմանավորված է Եվրոստանում վերջին երկու տարիներին կատարված փոփոխություններով:
«Եվրոստանը նորանում է, երիտասարդանում, մեր կոլեկտիվի երկու տասնյակից ավելի տարիների փորձին այսօր մենք ավելացնում ենք երիտասարդ սերնդի էներգիան, դրայվը»,- նշեց «Եվրոստան Ույուտ» ընկերության տնօրեն Վլադիմիր Տեր-Մարտիրոսյանը:
Կարևորելով երիտասարդների դերը Հայաստանի հասարակական և տնտեսական կյանքում՝ «Եվրոստան Ույուտ»-ի ղեկավարությունը 2018 թվականից նախատեսում է տարբեր ծրագրեր իրականացնել երիտասարդներին ներգրավելու և Հայաստանում պահելու համար:
«Մենք ինքներս դասընթացներ կանցկացնենք, բուհերի հետ կա նախնական պայմանավորվածություն, որպեսզի ուղորդենք երիտասարդներին, իրական շուկային ծանոթացնենք, որովհետև դասավանդվող տեսությունն ավելի շատ համաշխարհային տնտեսությանն է վերաբերում, իսկ մեր շուկան ավելի բարդ է, ավելի փոքր, բայց աշխատել հնարավոր է, եթե կա ցանկություն»,- ընդգծեց Վ. Տեր-Մարտիրոսյանը՝ վստահեցնելով, որ Եվրոստանի դռները միշտ բաց են կրեատիվ ու խելացի երիտասարդների առջև:
Խոսելով «Եվրոստան Ույուտ»-ի բազմամյա փորձի և ոլորտում առաջատարներից մեկը լինելու մասին՝ ընկերության տնօրենը շեշտեց, որ իրենց հաջողությունը պայմանավորված է Եվրոստանի բոլոր ժամանակների ղեկավարների անշահախնդիր և անձնանվեր աշխատանքով.
«Եվրոստանի սեփականատերերի կատարածը կարելի է հերոսություն համարել, քանի որ պատերազմած երկրում, քանդված տնտեսության պայմաններում 1995-96 թվականներին ոչ բոլորը կհամարձակվեին հիմնադրել գործարանը, որը պետք է արտադրեր եվրոպական պատուհաններ: Նրանք խիզախություն գտան և դա արեցին, այսօր նրանց օրինակը մեզ համար էտալոն է դարձել, այսինքն՝ չկա վատ պայման հասկացողություն, կա մեծ ցանկության խնդիր, որի դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»:
Նիկ Էգիբյանի, Black Band-ի և «Մասունք» ազգագրական երգի պարի համույթի մասնակցությամբ կայացած համերգն ավարտվեց հրավառությամբ: