Հայատանում ցույցերի անհրաժեշտ ռեսուրս չկա


Հայատանում ցույցերի անհրաժեշտ ռեսուրս չկա

  • 08-01-2018 14:52:30   | Հայաստան  |  Վերլուծություն

Հունվարի 1-ից մի շարք ապրանքների, գլխավորը՝ վառելիքի թանկացումը, կարող է դժգոհություններ ու ցույցեր հարուցել: Այս մասին խոսում են տնտեսագետները, գործարարները, հանրային ու քաղաքական գործիչները: Ճիշտ է, շատ փորձագետներ էլ պնդում են, որ Հայատանում ցույցերի անհրաժեշտ ռեսուրս չկա:
 
Մասնավորապես, Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ժողովրդական դժգոհության պայմանների առկայության մասին, ասել է, որ Հայաստանում վաղուց անտարբերություն է տիրում, եւ մարդիկ սովորել են «ոտքերով» բողոքել: Նա կարծում է, որ սոցիալական վիճակի վատթարացումը, ամենայն հավանականությամբ, կարագացնի արտագաղթը:
Հանրային անտարբերության մասին խոսում է նաեւ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշում է, որ անտարբերությունը խորացրել են նաեւ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները: Նա կարծում է, որ եթե երկրում ժողովրդական դժգոհություն հասունանա, ընդդիմությունը, այդ թվում՝ արտախորհրդարանականը, կակտիվանա:
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փողոցային ցույցերի ու իշխանափոխության նախադրյալ չի տեսնում: Նա ասում է, որ մինչեւ 2022 թվականը Հայաստանում իշխանության է լինելու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան, եւ քաղաքական պայքարի համար բացառապես սահմանադրական մեթոդներ պետք է կիրառվեն:
Դժգոհությունների եւ հնարավոր ցույցերի թեման, սակայն, անխուսափելիորեն հասունանում է: Հարկային ու մաքսային քաղաքականության խստացումը, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը ճշգրիտ ավելանում են երկրում բարդ քաղաքական ֆոնին:
Ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Սերժ Սարգսյանը նախագահ չի լինելու, եւ որոշ ժամանակ կպահանջվի պարզելու, թե ով է երկրում դե ֆակտո եւ դե յուրե որոշումներ կայացնում: Պարզելու ժամանակահատվածը կարող է բարենպաստ միջավայր լինել տարատեսակ քաղաքական շարժումների համար:
Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, որ իշխանափոխությունը «թավշյա» լինի, առանց բարդությունների: Սահմանադրական օրենքներ, ռազմավարություններ են ընդունվում, ֆինանսական հոսքերն ուղղվում են հուսալի ալիքներ՝ հիմնականում անվտանգության հետ կապված, արտաքին ու ներքեին երաշխիքներ են որոնվում: Ակնհայտ է, սակայն, որ իշխանությունը չի կարող ամեն ինչ հաշվի առնել, եւ ցանկացած պահի ինչ-որ տեղ կարող է ճեղքվածք լինել:
Հայաստանում իրոք իշխանափոխություն է տեղի ունենում՝ չնայած բառի ոչ դասական իմաստով: Եթե սահմանադրական փոփոխություններ չլինեին, որոնց մասին հայտարարվել է 2013 թվականի սեպտեմբերի 4-ին, 2018 թվականի ապրիլին Հայաստանում հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենային, որին Սերժ Սարգսյանը չէր կարողանա մասնակցել: Հայաստանում նախընտրական պայքարը կեռար, ամենայն հավանականությամբ, երկու նախկին նախագահների եւ նրանց աջակցող ուժերի մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանը նախկին նախագահներին առաջարկել է միասին հեռանալ քաղաքականությունից եւ չմասնակցել ընտրություններին: Ոչ մեկը, ոչ էլ մյուսը չհամաձայնվեցին, եւ Սերժ Սարգսյանը փոխեց իշխանության կենտրոնը:
Դեռ պարզ չէ, թե որտեղ է լինելու նոր իշխանությունը, որն իրականում պետք է որոշումներ ընդունի: Դա նշանակում է, որ պարզ չէ, թե ում եւ ինչի դեմ պետք է բողոքել ու պայքարել: Լղոզված է ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմությունը եւ հանրային ակտիվությունը:
Թանկացումներն ու բողոքները պարզություն կմտցնե՞ն իրավիճակում:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play