Արդեն 18 տարի է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը


Արդեն 18 տարի է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը

  • 08-01-2018 16:36:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Տարիներ առաջ հունվարի 8-ին ռեեստրում հավաքագրվեցին ոսկրածուծի առաջին դոնորները՝ պատրաստակամություն հայտնելով համատեղելիության դեպքում նվիրաբերել իրենց դոնորական ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: Ռեեստրի առաջին դոնորը դարձավ ՈԴՀՌ Պատվո Նախագահ տիկին Բելլա Քոչարյանը: 
Այս 18 տարիների ընթացքում կամավոր դոնորների թիվը հասել է շուրջ 29.000: Ռեեստրի անցկացրած դոնորագրումների աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն,այսպիսով, մեր մեծ ընտանիքի մաս են կազմում բոլոր հայաշատ համայնքների ներկայացուցիչները:
 
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային Կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային Ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ և սերտորեն համագործակցում է աշխարհի բոլոր ռեեստրների հետ: Այս տարիների ընթացքում մեր հայ դոնորները օգնել են և՛ հայ , և՛ այլազգի հիվանդների: Անցյալ, 2017 թվականին, հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող իրանցի մի աղջիկ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Հայ դոնորը՝  լեյտենանտ Սերգեյ Օհանյանն էր, որը չկարողացավ անտարբեր անցնել մարդկային խաթարված ճակատագրի կողքով։ Առանց մեկ վարկյան վարանելու նա անցավ բջիջների հավաքմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և ՈԴՀՌ Ցողունային Բջիջների Հավաքման բաժնում նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։
ՀՀ ԱՆ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական վերաբացված Կենտրոնը և Ոսկրածուծի  Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը 2016 թվականի դեկտեմբերի 25 ին ստորագրեցին Համագործակցության Հուշագիր, համաձայն որի 2017 թվականին իրականացվեց 19 հիվանդի և իրենց 28 հարազատների անվճար տիպավորում և փոխպատվաստման համար համատեղելի ոչ ազգակից դոնորի որոնում։ Այսօր ևս մեկ տարով վերակնքվել է Համագործակցության Հուշագիրը այս երկու կազմակերպությունների միջև, համաձայն որի ՈԴՀՌ հիմնադրամը կիրականացնի մինչև 60 հիվանդի և յուրաքանչյուր հիվանդի 3 հարազատների ցածր դասի HLA տիպավորում և 40 հիվանդի բարձր ճշգրտության HLA տիպավորում։
Ռեեստրի լաբորատորիան իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում (լիցենզավորվել է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից, նաև 2006 թ-ին հավատարմագրվել է Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) կողմից)։ Ռեեստրի լաբորատորիան համագործակցում է Արաբկիր բժշկական կենտրոնի երիկամների փոխպատվաստման բաժանմունքի և բազմաթիվ բժշկական կենտրոնների հետ, իրականացնելով HLA անտիգենների որոշում, որոնք ասոցված են բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների հետ՝ այսպիսով նպաստելով այդ հիվանդությունների ճիշտ ախտորոշմանը:
Միաժամանակ Ռեեստրում գործում է նորարարական կարևոր մի ծրագիր՝ պորտալարային արյունից և պորտալարից հեմատոպոետիկ և մեզենխիմալ  ցողունային բջիջների անջատումը և սառեցումը: Արդեն շուրջ 60 նորածիների ցողունային բջիջներ են պահպանման հանձնվել մեր կենտրոնին:
 
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել հայ և այլազգի հիվանդների հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: 
  Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է շուրջ 29.000 դոնոր, ռեեստր դիմած 4485  հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 30-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
 Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն