Առաջին անգամ իրականացվող «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնի 120 նորակոչիկ․panorama.am


Առաջին անգամ իրականացվող «Ես եմ» ծրագրով ծառայության կանցնի 120 նորակոչիկ․panorama.am

  • 08-01-2018 17:45:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

panorama.am․ Ձմեռային զորակոչին առաջին անգամ կիրականացվի «Ես եմ» ծրագիրը: Այսօր լրագրողների հետ զրույցում  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ասաց, որ ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարության է դիմել 120 մարդ:
 
««Ես եմ» ծրագրի մասնակիցները վիճակահանությանը չեն մասնակցելու, նրանց  համար լինելու է առանձին ստորաբաժանում: Ինչպես պատրաստության ընթացքում, այնպես էլ ամբողջ ծառայության ընթացքում ծրագրում ընդգրկվածներն առանձին են ծառայելու, որովհետև իրենց ծառայության ձևը տարբերվում է մնացած զինծառայողների ծառայությունից», - ասաց Մովսես Հակոբյանը:
 
Հիշեցնենք, որ այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս:
 
Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:
 
Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում`
 
1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),
 
2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),
 
3. ուսման վարձի փոխհատուցում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը