Թանկացումներն անխուսափելի են, սակայն չպետք է ծանրության ողջ բեռը թողնել միայն սպառողների վրա (տեսանյութ)


Թանկացումներն անխուսափելի են, սակայն չպետք է ծանրության ողջ բեռը թողնել միայն սպառողների վրա (տեսանյութ)

  • 10-01-2018 16:09:26   | Հայաստան  |  Հասարակություն



 
Թանկացումներն անխուսափելի են, սակայն չպետք է ծանրության ողջ բեռը թողնել միայն սպառողների վրա: 
 
Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` ներկայացնելով հունվարի 1-ից դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի շուկայում թանկացումների մասին իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները: 
 
Ըստ նրա` հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն` վերանայվել են մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկերը, սակայն հատկապես դիզվառելիքի շուկայում տեղի ունեցած թանկացումներն են իրենց ուղղակի ազդեցությունն ունեցել ՀՀ-ում արտադրվող և մատուցվող ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքների վրա: 
 
«Մեր կողմից նախաձեռնվեց այս ուսումնասիրությունը մի քանի նպատակներով. Նախ պարզել ակցիզային հարկերի դրույքաչափերի բարձրացման ադեկվատությունը գների վրա, երկրորդը` հասկանալ մեր վառելիքային շուկայի հիմնախնդիրները: Մասնավորապես, դիզելային վառելիքի դեպքում ակցիզային հարկը նվազեցվեց 1 տոննայի մասով 35 հազար դրամից մինչև 13 հազար դրամ, բենզինի դեպքում տեղի ունեցավ հակառակը` 25 հազար դրամից բարձրացվեց 40 հազար դրամ, իսկ սեղմված գազի դեպքում ևս տեղի ունեցավ բարձրացում` 1000 խմ գազի հաշվով 8330 դրամից բարձրացվեց 25 հազար դրամի չափով»,- նշեց Ս. Պարսյանը` հավելելով, որ ակցիզային հարկի եռակի նվազումը 20 դրամի չափով պետք է ազդեր գների վրա, մինչդեռ ակցիզային հարկի նվազումից հետո դիզելային վառելիքի շուկայում ավելացել է նոր հարկատեսակ` ԱԱՀ-ն: 
 
Նրա խոսքերով` Հայաստանում դիզվառելիքի շուկան ուսումնասիրելիս նկատել են, որ գերիշխող դիրք ունեն երկու տնտեսվարող` «Ֆլեշ»-ը և CPS OIL-ը, որոնք մեծ ազդեցություն ունեն նշյալ շուկայի գնային քաղաքականության վրա: 
 
Բանախոսը փաստեց, որ հարևան Վրաստանում դիզվառելիքի շուկայում գործում են բազմաթիվ միջազգային ընկերությունների բենզալցակայաններ կամ ներկայացուցչություններ, ինչը հանգեցնում է բարձր մրցակցության և գների կայունության: 
 
Ս. Պարսյանի համոզմամբ` Հայաստանում իրավիճակ փոխելու համար նախևառաջ անհրաժեշտ է հրավիրել դիզվառելիք վաճառող միջազգային կազմակերպությունների և մեծածախին դուրս մղել մանրածախ շուկայից: 
 
ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատուն հիշեցրեց, որ 2012 թվականին CPS-ը մեծածախ գներով մանրածախ վաճառք էր իրականացրել, ինչի հետևանքով փոքր բենզալցակայանները որևէ փոխհատուցում չստանալով` վերացան, արդյունքում նշյալ ընկերությանն 100 մլն դրամի չափով պատժելը չկարգավորեց շուկան: 
 
«Երկու տարի առաջ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց, ըստ որի` ներմուծողները չէին կարող իրականացնել մանրածախ վաճառք: Այս դեպքում ևս պետությունը կարող է այս սահմանափակումը կիրառել` ՓՄՁ-ներին հնարավորություն տալով զարգանալ և եկամուտների վերաբաշխում ապահովել: Մեր երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ ու հարուստներ, պետք է մեղմել այս շեղումը»,- ընդգծեց Ս. Պարսյանը` մտահոգություն հայտնելով, որ բենզինի և դիզվառելիքի գների բարձրացման հետևանքով տրանսպորտի գները որոշ մարզերում արդեն իսկ վերանայվել են: 
 
Նրա փոխանցմամբ` թանկացումների հետ կապված հարցերը և բոլոր մտահոգությունները դարձնելու են ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն խորհրդի քննարկման թեմա:  
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play