Վեցնեակից դուրս գալու Թրամփի արկածները...


Վեցնեակից դուրս գալու Թրամփի արկածները...

  • 10-01-2018 16:52:43   | Իրան  |  Վերլուծություն

  
Իրանի միջուկային թղթածրարի միջազգայնօրէն համաձայնեցւած վեցնեակի (Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ) ձեւաչափից ԱՄՆ-ի դուրս գալն ու տւեալ համաձայնագրից հրաժարւելու այսպէս ասած յետհաշւարկն հերթական անգամ ուշադրութեան առարկայ է հանդիսացել: Խնդիրը կայանում է նրանում, որ մինչեւ 48 ժամ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, որն դեռեւս նախընտրական թոհուբոհում է ընդգծւած հակադրւել միջազգային համաձայնագրին, առաջիկայ ուրբաթ, յունւարի 12-ին վեցնեակում մնալու կամ չմնալու յայտարարութեամբ է հանդէս գալու:
 
Մինչայդ, սակայն, յետընտրական մէկամեայ ժամանակահատւածում նախընտրական մի շարք խոստումներին հաւատարիմ Թրամփը, Իրանի միջուկային համաձայնագրի դէպքում դէմ-յանդիման է կանգնած ինչպէս Ռուսաստանի ու Չինաստանի, այնպէս էլ Եւրոմիութեան նման գերտէրութեանց հակադարձումներին, որոնց շրջանցելը դիւրին չի լինելու այնպէս, ինչպէս ասենք, յաջողում է անել Թրամփը «Օբամա Քէյր»-ի չեղարկման կամ Մեքսիկական պատի կառուցման դէպքում...
 
Միւս կողմից՝ վեցնեակից խոյս տալու Թրամփի  հաւանական քայլին ընդդիմանում են ներքին՝ գործադիր թէ՛ կոնգրեսական (ե՛ւ Դեմոկրատ, ե՛ւ Հանրապետական) չափաւոր շրջանակները, որոնք աւելի նւազ կերպով են ազդւած հրէական լաբբիից:
Ինչեւէ, հաշւի առնելով, որ օրեր առաջ Իրանի դէմ Թրամփ-Հէյլի գրոհը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում (որն ըստ քաղաքական փորձագէտների՝ նախնական փորձ էր միջազգային ճակատ ստեղծելու «Մարդկային իրաւունքները չյարգող» Իրանի դէմ), հակագրոհի վերածւեց նոյն Ռուսաստան, Չինաստան եւ Եւրոմիութեան ծանրակշիռ անդամների կողմից, ուստի չի թւում, որ վերջիններս միջուկային համաձայնագրի չեղարկման ԱՄՆ-ական նախաձեռնութեանը անհարկի տուրք տալու քայլի դիմեն:
Այլապէս՝ Թրամփի հերթական ու անկանխատեսելի արկածախնդրութիւնը Իրանին մեկուսացնելու մտօք միջազգային պատժամիջոցներ պարտադրելը, զուրկ է լինելու այն էֆեկտից, որ թողնում է, ասենք Հիւս. Կորէայի դէպքում, որի շուրջ, հակառակ Իրանի՝ համախոհութիւն կայ միջազգային մասշտաբով...:
 
 
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
 ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն