Անպատժելիության մթնոլորտում պոտենցիալ մարդասպաններ ենք «աճեցնում». «Դուրս մեր գրպանից»-ը` պատկան մարմիններին (տեսանյութ)
10-01-2018 17:48:24 | Հայաստան | Հասարակություն
«Անպատժելիության մթնոլորտում պոտենցիալ մարդասպաններ ենք աճեցնում»,- նշում է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը` անդրադառնալով Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի) որդու մասնակցությամբ մահվան ելքով խոշոր ավտովթարին:
Ըստ նրա` նման ողբերգական ավտովթարներն անխուսափելի են, քանի դեռ արտասահմանայան կամ տրանզիտ պետհամարանիշներով ավտոմեքենաները Հայաստանի տարածքում արագությունը գերազանցելիս չեն տուգանվում:
«Բագրատաշենից մտնում են ներս, կլինի տրանզիտ, թե արտասահմանյան տարբեր պետությունների համարներով ավտոմեքենաներ, ուղղակի դիտավորյալ արագաչափերը հաշվելով, հազարավոր դրամների խախտումներ կատարելով գալիս են մայրաքաղաք: Եթե մարդիկ անպատժելիություն են զգում, դառնում են անկառավարելի»,- նշեց Ա. Պետրոսյանը` շեշտելով, որ վերջին երկու տարիներին այս թեմայով բազմաթիվ ասուլիսներ են տվել և բարձրաձայնել իրենց մտահոգությունների մասին:
Նրա խոսքերով` ցանկության դեպքում Ճանապարհային ոստիկանությունը կարող է շտկել իրավիճակը, ավելին` իրենք պատրաստ են իրենց առաջարկությունները կրկին ներկայացնել պատկան մարմիններին. «Այս ամենի դեմն առնելու ձևերն էլ ենք ասել, չեմ հավատում, որ ՃՈ-ն չգիտի, թե ոնց պետք է անեն: Ինչու պետք է անընդհատ այսպիսի ողբերգական դեպքեր լինեն»:
Ա. Պետրոսյանի համոզմամբ, եթե սահմանին յուրաքանչյուր արտասահմանյան կամ տրանզիտ պետհամարանիշներով մուտք գործող մեքենաների վարորդներին զգուշացվի, որ արագությունը գերազանցելու դեպքում տուգանվելու են և իսկապես տուգանեն, ապա շատ կարճ ժամանակահատվածում ստեղծված անկառավարելի իրավիճակը կվերանա:
Իր հերթին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության մեկ այլ անդամ Արմեն Եփրեմյանն ընդգծեց, որ բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են ՊՆ-ին, դեսպանատաներին և նախագահականին պատկանող ավտոմեքենաները ևս կոպիտ խախտումներ կատարում:
«Երեկ ականատես եղա, թե ինչպես է տրանզիտ համարաներով ավտոմեքենան որպես տաքսի վարվում, այսինքն` մեքենան, որը ՀՀ-ում հաշվարկված չէ, տնտեսական գործունեություն է ծավալում»,- փաստեց նա` կոչ անելով պատկան մարմիններին զբաղվել այդ գործով, քանի որ տաքսի ծառայությունից օգտվում է ողջ ազգաբնակչությունը: