Կարեն Կարապետյանը տեղյակ է Ճըվճվ Արոյի որդու վթարից, բայց հանձնարարական չի տվել.armtimes.com


Կարեն Կարապետյանը տեղյակ է Ճըվճվ Արոյի որդու վթարից, բայց հանձնարարական չի տվել.armtimes.com

  • 10-01-2018 19:11:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վարչապետ Կարեն Կարապետյանը տեղյակ է հունվարի 8-ի լուսադեմին Երեւան քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որի հետեւանքով զոհվել է ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նշենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ վթարի վերաբերյալ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ եւ հանձնարարական է տվել՝ վթարի մասնակից Սարգսի Վարդանյանին օրենքի ամբողջ խոստությամբ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տվե՞լ է, եթե՝ այո, ապա ի՞նչ հիմքով, քանի որ նման լիազորություն կառավարության ղեկավարը չունի, Արամ Արարատյանը պատասխանեց. «Վարչապետը, գտնվելով կարճատեւ արձակուրդում, բնականաբար, շարունակում է հետեւել երկրում տեղի ունեցող իրադարձություններին եւ տեղյակ է ձեր հիշատակած ավտովթարի մանրամասներին: Հարուցված է քրեական գործ, որը գտնվում է համապատասխան մարմինների իրավասության շրջանակում, իսկ գործադիր իշխանությունն այդ գործընթացին միջամտելու լիազորություն կամ իրավասություն չունի: Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ պատկան մարմինները կկատարեն օրենքով սահմանված իրենց պարտականությունները, որի արդյունքում բոլոր մեղավորները կկրեն իրենց հասանելիք պատիժը»:

Նույն տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի խորհրդական Սոնա Տռուզյանից: «Կասկածելի աղբյուրների վրա հղում կատարվող «տեղեկությունները» հարկ չեմ համարում մեկնաբանել»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Հունվարի 8-ի լուսադեմին`04:00-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ Նովայի պողոտայի հատման մասում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել է հիվանդանոց, ապա՝ մահացել: «BMW X6»-ի վարորդը, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ՃըվՃվ Արոյի (Արա Վարդանյան) որդին է՝ Սարգիս Վարդանյանը, դիմել էր փախուստի: Մի քանի ժամ անց, սակայն նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, որից հետո տեղափոխվել է Քննչական կոմիտե եւ ձերբակալվել:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play