Երևանում կկառուցվի ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն. կիրականացվի 22 մլն դոլարի ներդրում


Երևանում կկառուցվի ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն. կիրականացվի 22 մլն դոլարի ներդրում

  • 11-01-2018 17:55:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունն ընդունել է «Ներդրումային ծրագրին հավանություն տալու և «Պարկ գրուպ» ՍՊԸ առանց մրցույթի հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»-ին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն՝ իրականացնելով  22 մլն դոլար ներդրում: Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Կենտրոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:
 
 
Այլ որոշումներ
 
 
 
Գործադիրը հավանություն է տվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): Հայաստանը խարտիան ստորագրել է 2001  թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել`  2004 թ.  հունվարի 21-ին: Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային  զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է 
հնարավորինս կրճատել և պարզեցնել մշակութային արժեքների փորձաքննություն անցկացնող մասնագետների հավատարմագրման գործընթացը: Փոփոխություններով նախատեսվում է կրճատել հայտատուի փաստաթղթերի ուսումնասիրության, համապատասխանության որոշման, համապատասխան հրամանի նախագծի կազմման ժամկետները,  ինչի արդյունքում ընդհանուր առմամբ կկրճատվի փորձագետների հավատարմագրման գործընթացի, ծառայության մատուցման տևողությունը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն