Նարինե Շահբազյան. Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան 40 տարբեր միջոցառումներ կանցկացնի


Նարինե Շահբազյան. Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան 40 տարբեր միջոցառումներ կանցկացնի

  • 11-01-2018 19:07:49   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ Մրցաշրջան-2017-ը մարզիկների ելույթների եւ ազգային ֆեդերացիայի աշխատանքների տեսանկյունից հայկական աթլետիկայի համար հաջողված էր: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:

 
«2017 թվականին Քենիայում կայացած պատանիների (մինչեւ 17 տարեկան) աշխարհի առաջնությունում հայկական աթլետիկայի պատմության մեջ առաջին անգամ մեր երկու մարզիկներն անցան եզրափակիչ: Գայանե Չիլոյանը եզրափակիչ մրցավազքում զբաղեցրեց ութերորդ տեղը, իսկ Յանա Աբրահամյանը 12-րդն էր հեռացատկում: Եվրոպայի թիմային առաջնության երրորդ խմբում Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե, երկու արծաթե եւ ինը բրոնզե մեդալ: Անցած տարի մենք անցկացրինք նախատեսված բոլոր միջոցառումները, այդ թվում Ռոբերտ Էմմիյանի գավաթի մրցաշարը, որը նվիրված էր նրա՝ Եվրոպայի ռեկորդի 30-ամյակին:
 
Նոր մրցաշրջանը, փաստացի մեզ համար սկսվել է դեկտեմբերի երկրորդ կեսից, երբ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք անցկացրեց Օլիմպավանում, որտեղ շատ լավ պայմաններ են ստեղծված: Ցավոք, մենք դեռ չունենք համապատասխան վազքուղիներ, այդ պատճառով շեշտը դրվեց ֆիզիկական պատրաստվածության վրա:
 
Հունվարի 21-ին հեռացատկորդ Լեւոն Աղասյանը կմասնակցի Ղազախստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Անցած տարի այնտեղ նա հաղթող էր դարձել, հույս ունենք՝ այս տարի եւս այդպես կլինի: Հունվարի 20-ից 21-ը Երեւանում հանրապետության բաց մրցաշար կանցկացնենք, որի արդյունքներով կձեւավորվի թիմ՝ Ստամբուլում ուսումնամարզական հավաքին մասնակցելու համար (փետրվարի 6-ից 16-ը): Այնուհետեւ մեր առաջատար աթլետները Թուրքիայում կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը եւ Թուրքիայի ֆեդերացիայի գավաթին: Կաշխատնենք վարկանիշ նվաճել մրցաշրջանի առաջին կարեւոր մեկնարկին՝ աշխարհի ձմեռային առաջնությանը մասնակցելու համար, որը կմեկնարկի Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում մարտի 1-ին: Անհաջողության դեպքում մեկ մասնակցի «սպիտակ քարտ» կստանանք եւ ինքներս կընտրենք ուժեղագույն մարզիկին:
 
Ֆեդերացիայի օրացուցային պլանով նախատեսված է 40 միջոցառում անցկացնել, ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային: Մայիսին տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որտեղ կընտրենք այն աթլետներին, որոնք կմասնակցեն Եվրոպայի փոքր երկրների (հունիս, Լիխտենշտեյն) երկրորդ առաջնությանը: Լիխտենշտեյնից առաջ Հայաստանի ազգային հավաքականը Սոչիում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Պատանիների հավաքականը հուլիսին Հունգարիայի Գյոռ քաղաքում հանդես կգա Եվրոպայի առաջնությունում: Նույն ամսին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կանցկացվի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Իսկ օգոստոսին Բեռլինում մեզ սպասվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը»,-ասաց Նարինե Շահբազյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ