Նոր նախաձեռնություն բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում


Նոր նախաձեռնություն բնակչության դիմակայունության բարձրացման գործընթացում

  • 12-01-2018 15:33:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց «Դիմակայուն» նախաձեռնության անդամներին, որում ընդգրկված են «Իմփաքթ Սոլյուշնս» (IMPACT Solutions) խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Մարիա Հովումյանը, «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամ, «Երիտասարդական գաղափարներ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Արմինե Պետրոսյանն ու Շուշանիկ Սահակյանը և այլք:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին սահմանամերձ համայնքներում մարդածին աղետներին բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիները: Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը սահմանամերձ համայնքներում բնակչության դիմակայունության և պատրաստվածության գործընթացում՝ ԱԻ նախարարը շեշտեց, որ հասարակական կազմակերպությունների մարդկային ռեսուրսի ներգրավվածությունը կարող է մեծ արդյունքներ ապահովել հատկապես բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում:
 
Կողմերը նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ սահմանամերձ երկու համայնքներում ուսումնասիրություններ իրականացնել և մշակել համատեղ պիլոտային ծրագիր, որը միտված կլինի մարդածին աղետների (այդ թվում՝ ռազմական գործողությունների) ժամանակ բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ մասնավորապես հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ուսուցողական արշավների միջոցով:  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն