Ստորագրվել է Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագիրը․(տեսանյութ)


Ստորագրվել է Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագիրը․(տեսանյութ)

  • 15-01-2018 18:08:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև 2012 թվականի նոյեմբերի 23-ին ստորագրված վարկային համաձայնագրի շրջանակներում Իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը կիրականացնի Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի շինարարությունը։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հունվարի 15-ին տեղի ունեցավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարության պայմանագրի ստորագրումը։
 
Հայկական կողմից այն վավերացրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, իրանական կողմից՝  «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերության նախագահ Ալի Մուսավին։
 
Փաստաթղթի ստորագրմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Ողջունելով իրանական շինարարական կազմակերպության մուտքը Հայաստան՝ նախարարը կարևորեց, որ աշխատանքները կատարվեն բարձր որակով և ժամանակին։
 
«Այս մրցույթի հաղթանակը առաջին քայլը համարենք և հուսանք, որ իրանական ընկերությունները հետագայում ևս կմասնակցեն Հայաստանում իրականացվող նախագծերին, ներդրումային ծրագրերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային հատվածում նախատեսվող թունելների շինարարությանը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։
 
«Ariana Tunnel Dam Co.» շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին վստահեցրին, որ կաշխատեն լավագույն որակով:
 
Նշենք, որ կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով ՎԶԵԲ-ի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվել է «Բագրատաշենի կամրջի նախագծում և շինարարություն» միջազգային մրցույթը։
 
Մրցույթին մասնակցել է 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել են և անցել մրցութային հաջորդ փուլ: Գնահատման արդյուքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co. (Iran)» ընկերությունը` 7.393.347.95 Եվրո (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն