Գագիկ Սարգսյան. Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով

15-01-2018 17:55:07   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ․ «Շատ հաճելի եւ կարեւոր է, որ մեր մարզիկներն անհրաժեշտ վարկանիշային միավորները վաստակում են մրցելով Հայաստանում»,- ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Դահուկավազքի ազգային առաջնությունից հետո Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց արդյունքները.

 


«Մեզ ուրախացրին Աշոցքի դահուկորդները, որոնք հաջող հանդես եկան: Երիտասարդ մարզիկները սկսել են աճ գրանցել:
 
Այս պահի դրությամբ Սերգեյ Միքայելյանն ու Միքայել Միքայելյանն ունեն 100-ից ցածր միավոր (խմբ. դահուկային սպորտում նվազող համակարգ է): Վարկանիշային վերջին աղյուսակը հրապարակվելու է հունվարի 20-ին:  Միջազգային ֆեդերացիան՝ ՄՕԿ-ի հետ համատեղ ուղարկելու է երկրների քվոտաները: Մեր ֆեդերացիան կհրավիրի նախագահության արտահերթ նիստ եւ արդյունքները հաստատման կուղարկի ՀԱՕԿ:
 
Ցավոք, Սերգեյը վնասվածք ստացավ եւ չկարողացավ պահպանել դիրքը լավագույն 300 մարզիկների շարքում: Օլիմպիական խաղերին կմասնակցենք երկրորդ համարով, նա Միքայել Միքայելյանն է: Մեզ համար առաջինը մեր մարզիկների առողջությունն է:
 
Դահուկավազքում ակնկալում ենք մեկ տղայի եւ մեկ աղջկա մասնակցություն: Աղջկա ընտրության հարցում հաշվի ենք առնելու գրանցած լավագույն վարկանիշային միավորը եւ Հայաստանի առաջնության արդյունքները»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
 
Այս տարի Հայաստանի բաց առաջնությանը մասնակցել  են մարզիկներ նաեւ Իրանից Չիլիից, Մեքսիկայից: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նրանք շատ գոհ են հեռանում մեր երկրից.
 
«Արտասահմանցի դահուկավազորդները հնարավորությունը բաց չթողեցին վարկանիշային միավորները բարելավելու համար: Նրանք նշեցին, որ պայմաններից շատ գոհ են: Ցանկություն հայտնեցին Հայաստանում կրկին մասնակցելու մրցաշարերի եւ ուսումնամարզական հավաքների: Ժամանակին մենք էինք մտածում ուրիշների օգնությանը դիմելու մասին, այսօր արդեն մեզ հետ են ցանկանում մարզվել: Սա խոսում է մեր մեծ առաջընթացի մասին: Շատ զարգացած պետություններ դիմում են մեզ նաեւ մարզումներ կազմակերպելու համար:
 
Հաջորդ մեծ ձեռքբերումն Աշոցքն է: Այն մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերում է: Փորձելու ենք Աշոցքը դարձնել մրցումային եւ մարզումային կենտրոն»,- նշեց Գագիկ Սարգսյանը:
 
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հայտնեց, որ հայ լեռնադահուկորդները մեկնել են Իրան՝ վերջին վարկանիշային միավորները վաստակելու: Սարգսյանը հույս հայտնեց, որ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գոնե մեկ լեռնադահուկորդ կունենանք: 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից