Վարչապետը Հայաստան է եկել որպես ժողովրդին «գցող», այլ ոչ թե գործ անող. Թալիշցի վետերանները պահանջում են Կարեն Կարապետյանի հրաժարականը (տեսանյութ)
15-01-2018 18:47:44 | Հայաստան | Հասարակություն
Վարչապետը Հայաստան է եկել որպես ժողովրդին «գցող», այլ ոչ թե գործ անող:
«Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպությունը պահանջում է Կարեն Կարապետյանի հրաժարականը։
Ինչպես հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վերոնշյալ կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը, բազմիցս նամակներով դիմել են ՀՀ վարչապետին համագործակցության առաջարկով, սակայն որևէ պատասխան չեն ստացել:
«Մենք որոշել ենք մեզ համար Թալիշի կենտրոնից դուրս ստեղծել մի ավան վետերանների համար, որպեսզի թիկունք լինենք սահմանին կանգնած զինվորին, և ապրիլյան դեպքերը չկրկնվեն: Մեզ ընդամենը պետք է փոքրիկ օժանդակություն, որը չկա»,- նշեց նա՝ հավելելով, որ Թալիշը վերաբնակեցնել ցանկացողների առաջին ցուցակն ընդգրկել է 300 հոգի, իսկ հետո այդ թիվն էականորեն նվազել է:
Է. Պոլադովի խոսքերով՝ պատկան մարմինների անտարբերության պատճառով մարդիկ հիասթափվել են և այլևս չեն ցանկանում վերադառնալ Թալիշ, մինչդեռ Սփյուռքից փոխանցված գումարներով հնարավոր է անգամ քաղաք կառուցել:
«Վարչապետը պարտավոր է պատասխանել հարկատու ժողովրդի նամակին, առավել ևս, որ «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպությունը պաշտոնապես գրանցված է Արդարադատության նախարարությունում, որի համար ևս գումար է վճարել: Ինչո՞ւ մինչ օրս չեն պատասխանել մեր նամակին: Լինելով խորհրդային ինժեներ՝ ես իրավունք ունեմ նրան ասելու, որ դու մասնագետ չես, այլ հասարակ գազ լիցքավորող: Ի՞նչ ներդրումների մասին կարող ես դու խոսել, եթե ամբողջ գումարներն անձամբ եք կուտակել»,- նկատեց բանախոսը՝ շեշտելով, որ գործող կառավարությունը ողջունում է մարդկանց արտագաղթը:
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանն իր հերթին նշեց, որ եթե սահմանին բնակչություն չապրի, ապա անվտագության կամ ապահովության մասին խոսելն ավելորդ է:
«Այս վարչապետը միայն աղետների ստեղծող է, բայց խնդիրը միայն նրա մեջ չէ, այլ ամբողջ համակարգի: Վերջին տարիների նոր թայֆան կողոպուտից բացի, ուրիշ բան չի հասկանում»,- ընդգծեց նա` իշխող վերնախավին համարելով ազգի դավաճան: