Աջ ղեկով մեքենաների ներմուծումը վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է, իսկ ՀՀ-ն ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները. Վահան Մարտիրոսյան tert.am


Աջ ղեկով մեքենաների ներմուծումը վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է, իսկ ՀՀ-ն ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոնները. Վահան Մարտիրոսյան tert.am

  • 15-01-2018 18:41:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Աջ ղեկով մեքենաների հարցն այսօր չէ, որ առաջացել է, արդեն մի քանի ամիս է՝ խոսում ենք այդ մասին: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» եթերում ասել է կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներկրման արգելքին:  

 
«Այն, որ շահարկվում է, թե ոստիկանության և մեր կողմից ներկայացվող վիճակագրությունները տարբերվում են, այդպես չէ: Ոստիկանությունը նշում է միայն վթարների քանակը, ընդհանուր պատահարների քանակը 3535 է, որից 336-ը՝ աջ ղեկով մեքենաների մասնակցությամբ: Դա ընդհանուր վթարների 9.5 տոկոսն է: Ընդհանուր վիրավորների քանակը 5165 է, որից 536-ը, մոտավորապես 10.3 տոկոսն աջ ղեկով մեքենայի մասնակցությամբ է: Եթե ընդհանուր տոկոսով հաշվում ենք ապահովագրական ընկերություններում գրանցված մեքենաների քանակը և աջ ղեկով մեքենաների քանակը,ապա վերջինները կազմում են 7.4 տոկոս: Այդ 7.4 տոկոսը, 9.5 տոկոսը և 10.3 տոկոսը վկայում են, որ 28 տոկոսով ավելի շատ են աջ ղեկով մեքենաների պատահարների քանակը և 39 տոկոսով վիրավորների քանակը»,-ասել է նախարարը:
 
Նրա կարծիքով՝ դա բավականին մեծ ցուցանիշ է: Բացի դրանից, ըստ Վահան Մարտիրոսյանի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աջ ղեկով մեքենաների ներմուծումը վերջին տարվա ընթացքում կտրուկ աճել է, տարբեր հանգամանքներով պայմանավորված, իսկ Հայաստանը ժամանակին ընդունել է աջակողմյան երթևեկության կանոններ, ՀՀ-ն պետք է պահպանի իր  օրենքները և աջակողմյան երթևեկությունը շարունակվի:
 
«Ինչ է նշանակում աջակողմյան երթևեկություն: Նախ` տրանսպորտային միջոցի ղեկը պետք է լինի ձախ կողմից: Կան նաև այլ տեխնիկական պահանջներ աջակողմյան երթևեկության դեպքում, օրինակ՝ ձախ ղեկով մեքենայի լուսարձակները մի թեթև շեղված են դեպի աջ, աջ կողմի լուսարձակը մի քիչ ավելի բարձր է, որը աջ ղեկով մեքենայի դեպքում հակառակն է, այսինքն՝ կարող է «կուրացնել» դիմացինից եկող մեքենայի վարորդին: Մյուս հարցը՝ հողմապակու մաքրիչների աշխատանքի հարցն է: Ձախ ղեկի դեպքում մաքրումն իրականացվում է լրիվ ուրիշ ձևով և տեսանելիություն է ապահովում, աջ ղեկի դեպքում ՝ ուրիշ»,-պարզաբանել է նախարարը:
 
Նա ավելացրել է նաև, որ աջակողմյան և ձախակողմյան երթևեկության համար նախատեսված ճանապարհային նշանները, կահավորումը խիստ տարբերվում են: Անվտանգությունից ելնելով՝ ընդհանրապես մեքենա արտադրողներն ավելի շատ ապահովում են վարորդին, որովհետև ամենավտանգավոր տեղը վարորդինն է՝ և՛ բարձիկների քանակով, և՛ տվիչների քանակով առաջին հերթին ապահովվում է վարորդը: Իսկ պատահարների մեծ մասը լինում է վարորդի կողմից, այս դեպքում՝ աջ ղեկով մեքենայի վարորդի կողմում նստածն ուղևորն է, նա պաշտպանված չէ այնքան, որքան վարորդը: Վահան Մարտիրոսյանը ենթադրում է, որ գուցե նաև դրանով է պայմանավորված վիրավորների քանակի կտրուկ տարբերությունը աջ և ձախ ղեկերով մեքենաների դեպքում:   
 
Անդրադառնալով այն հարցին, թե ԵԱՏՄ պահանջով ի՞նչ է ամրագրված աջ ղեկով մեքենաների մասով, որ պետք է գործարկվի 2020 թ., նախարարը պատասխանել է, «ԵԱՏՄ պահանջով պետք է կանոնակարգվի առաջին հերթին 8 և ավել տեղանոց մեքենաների արգելքը և ընդհանրապես աջ ղեկով մեքենաների արգելքը: Արդեն Բելառուսի և Ղազախստանի կողմից ընդունվել է այդ արգելքը, մյուս քայլը մենք անում ենք Հայաստանում»:
 
Զանի Հարոյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը