Հայերի համար նորաձև է այն, ինչը շատ է կրկնվում. նորաձևության բլոգեր (տեսանյութ)
16-01-2018 14:53:55 | Հայաստան | Հասարակություն
Հայերի համար նորաձև է այն, ինչը շատ է կրկնվում:
Ինչպես հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նորաձևության բլոգեր, mashroom.am կայքի հիմնադիր, Armenian Brands հայ արտադրողների կոնցեպտուալ հարթակի ղեկավար Մարիաննա Քաբաբյանը, որպես նորաձևության բլոգեր՝ մշտապես անդրադառնում է այն թրենդներին, որոնք ակտուալ են ոչ միայն համաշխարհային հանրության, այլև հայ հասարակության համար:
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ հագուստի հարցում հայերը պահպանողական են, սակայն ֆեյսբուքի միջոցով կատարած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ այդ տենդենցը գնալով կոտրվում է:
«Կա տենդենց, որ ամեն ինչ փոխվում է դեպի լավը: Դրան նպաստեցին մոլերի հայտնվելը Հայաստանում, այսինքն՝ արտասահմանյան մի շարք մասմարկետներ ներկայացնող ապրանքանիշեր գալով՝ իրենց հետ բերեցին պոդիումից եկող նորաձևությունը»,- նշեց Մ. Քաբաբյանը:
Վերջինիս խոսքերով՝ Հայաստանում իրենց հագուստով տարբերվողները հիմնականում շոու-բիզնեսի և IT ոլորտի համարձակ ներկայացուցիչներն են, ովքեր համացանցում այսօր կարողանում են ոճ թելադրել:
Նորաձևության բլոգերի փոխանցմամբ՝ գարուն-ամառ 2018 թվականին նորաձև են պաստելային գույները, և խորհուրդ է տրվում կրել ամբողջությամբ միատոն հագուստ:
«Նոր տեխնոլոգիաների շնորհիվ այսօր ակտուալ են նոր գործվածքները, մասնավորապես, պլաստիկ գործվածքները, թափանցիկության թրենդը չի իջնում պոդիումից և կրկին վերադարձել է գիշերանոցային թրենդը մերկ զգեստի տեսքով»,- փաստեց Մ. Քաբաբյանը՝ հավելելով, որ ներկայիս նորաձևություն ստեղծողները ոգեշնչվում են 90-ական թվականներին ընդունված ոճից:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքանով են պահանջված նորաձևության ոլորտի մասնագետները երիտասարդների հետ խորհրդատվություն անցկացնելու տեսանկյունից, բանախոսը փաստեց. « Նորաձևության բլոգեր հասկացությունը տարածվեց այն պատճառով, որ նորաձևության հայտնի ամսագրերը միայն ընթերցելը բավարար չէ տեղեկացված լինելու համար, դրա համար առաջացան այս մասնագետները, ովքեր կիսվելով իրենց առօրյա ոճով՝ կարողացան օգնել երիտասարդներին ավելի հեշտ կողմնորոշվել արագ եկող և վերացող նորաձևության տենդեցների հարցում. Կարող եմ ասել, որ Հայաստանում նորաձևության բլոգերի և ընթերցողների միջև կապը շատ սերտ է»: