Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնյաների վերաբերյալ.ՀՔԿ

16-01-2018 19:47:37   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
 


Այսպես, Ս. Ն.-ն հայտնել է, որ 24.05.2017թ.-ին անձնական գործերով գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու իր պահանջը ներկայացրել համապատասխան աշխատակցին, սակայն վերջինիս կանչով իրեն մոտեցել են 3 ոստիկաններ և պահանջել դուրս գալ մասնաշենքից: Երբ հրաժարվել է դուրս գալ և պահանջել է տեսակցել նախարարին, ոստիկանները ձեռքերից ու ոտքերից բռնելով` քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել դեմքին և գլխին, ապա` դուրս բերել մասնաշենքից, որտեղից այլ ոստիկաններ իրեն ներկայացրել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Ս. Ն.-ի մոտ հայտնաբերվել են բութ և սուր առարկաներով պատճառված գանգուղեղային ու այլ մարմնական վնասվածքներ:
 
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ռ. Ի.-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 08.11.2017թ.-ին և 06.12.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստերի ժամանակ հայտնել է, որ 26.10.2016թ.-ին` Երևան քաղաքի կարաոկե ակումբներից մեկում, իր ընկերոջ` նույն քրեական գործով ամբաստանյալ Դ. Հ.-ի հետ ծեծի է ենթարկվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից:
 
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար