Անխիղճ քաղաքապետարան, սուտասան տրանսպորտի նախարարություն, կեղծ կառավարություն. Ոլորտի ներկայացուցիչներն ահազանգում են «ոտքով» մնալու վտանգի մասին (տեսանյութ)



17-01-2018 18:36:23   | Հայաստան  |  Հասարակություն
 


«Անխիղճ քաղաքապետարան, սուտասան տրանսպորտի նախարարություն, կեղծ կառավարություն»,- ահա այսպես բնորոշեց պատկան մարմինների գործելաոճը «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ուղևորափոխադրողների և վարորդների առջև ծառացած խնդիրներին՝ պայմանավորված սեղմված գազի և դիզվառելիքի վերջին թանկացումներով: 
 
Ըստ նրա՝ տարիներ շարունակ ուղևորափոխադրողները բարձրացրել են ոլորտում առկա խնդիրների մասին, բայց ապարդյուն: 
 
«Պարոն քաղաքապե՛տ, հասկացանք 100 դրամով պետք է բնակչությանը փոխադրենք, բայց դու խնդիր չես բարձրացնում, թե ո՞վ պետք է թեթևացնի ուղևորափոխադրողների հարկային բեռը, ո՞վ պետք է նրանց զրկի անօրինական, ապօրինի քաղաքապետարանի կողմից ինչ-որ «պուտյովկեքի» փողերից, ո՞վ պետք է դրա մասին խոսի»,- հարցադրումներ արեց Տ. Հովհաննիսյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ փոխարեն հարկային արձակուրդ տրվի ուղևորափոխադրողներին, մի բան էլ բարձրացնում են այն: 
 
Նրա համոզմամբ՝ տրանսպորտի գինը բարձրանալու է, սակայն այդ մասին պատկան մարմինները համարձակություն չունեն դեռևս բարձրաձայնել: 
 
Տ. Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հարկային բեռը երթուղային տաքսիների համար բարձրացել է 3 անգամ, իսկ ավտոբուսների համար՝ 2 անգամ: 
 
Իր հերթին Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նկատեց, որ տրանսպորտի ոլորտում իրավիճակը պայթունավտանգ է և կոսմետիկ միջոցներով հնարավոր չի լինի խնդիրները հարթել: 
 
Նրա համոզմամբ՝ հարկային բեռի բարձրացմամբ պատկան մարմինները նպատակ են հետապնդում իսպառ ոչնչացնել ուղևորափոխադրող ընկերություններին: 
 
«Աստված չանի ուղևորափոխադրող ընկերությունների ու վարորդների գործադուլները մեծ ծավալներ ընդունեն, այդ դեպքում Երևանը կպարալիզացվի: Այս մասին ասելուց արդեն հոգնել ենք»,- փաստեց Հ. Եղիազարյանը՝ հավելելով, որ մինչև քաղաքապետարանը միասնական երթուղի ստեղծելու ծրագիր մշակի, ժողովուրդը կմնա ոտքով տեղաշարժվելու հույսին: 
 
Ըստ Փոխադրողների միության նախագահի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախ պետք է իջեցնել հարկային բեռը, ապա ուղևորափոխադրողներին վառելիքը տրամադրել ինքնարժեքով, իսկ պահեստամասերը՝ մեծածախ վաճառքի գներով: 
 
Բանախոսները կոչ արեցին հասարակությանը և վարորդներին միավորվել՝ դուրս գալով փողոցային պայքարի, որպեսզի ինչ-որ կերպ իրավիճակը շտկվի, հակառակ պարագայում քաղաքացիները մնալու են «ոտքով»: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից