Նոպաների և ցավերի մեջ գտնվող զինվորի համար հայրը կրկնակի բժշկական հանձնաժողով է պահանջում. hetq.am.


Նոպաների և ցավերի մեջ գտնվող զինվորի համար հայրը կրկնակի բժշկական հանձնաժողով է պահանջում. hetq.am.

  • 18-01-2018 13:20:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am. Երբ հանդիպեցինք 18-ամյա զինվոր Նարեկ Սարգսյանի հորը՝ Նորիկ Սարգսյանին, առաջինն, ինչ ասաց, հետևյալ միտքն էր. «Շատ եմ ուզում, որ իմ տղան ծառայի մեր բանակում, բայց հիվանդ երեխան ոնց կարող է թշնամուց պաշտպանվել ու պաշտպանել սահմանը ցավերի, նոպաների մեջ»:
 
Նարեկը մանկուց ցավեր է ունեցել որովայնի շրջանում՝ նոպաների ձևով: Բժիշկները պարբերաբար կասկածել են պարբերական հիվանդություն, սակայն չեն հաստատել: Նորիկ Սարգսյանը համոզված է՝ որդուն առանց պատշաճ զննության են զորակոչել ծառայության: Հոր պատմածով` Նարեկը չի կարողանում երկար վազել, կատարել այն վարժանքները, որոնք կատարում են մյուս զինծառայողները, չի կարողանում ծանրություն բարձրացնել:
 
Նարեկ Սարգսյանը զորակոչվել է 2017-ի հուլիսին: Հոր խոսքով՝ այս վեց ամիսների ընթացքում որդին պարբերաբար եղել է Ստեփանակերտի ու Երևանի զինվորական հոսպիտալներում ու զորամասի բուժկետում: Նարեկն անգամ մի քանի անգամ ուշաթափվել է: Կազմվել են համապատասխան ակտեր:
 
Երդմնակալությունից մի քանի օր անց ծնողները լուր են ստացել Մարտակերտից, որ իրենց երեխան սանիտարական մասում պառկած է։ Ծնողները Նարեկին տարել են Ստեփանակերտի հոսպիտալ, ասել են՝ հետազոտություն կանենք։ «Ցավազրկել են պրիստուպների ժամանակ, մի քիչ ուժերը հավաքել է, նորից ուղարկել են սանիտարական մաս»,- պատմեց Նարեկի հայրը։
 
Նարեկ Սարգսյանին նորից հետ են տարել զորամաս, հանձնաժողով է եկել. «Ասացին՝ եթե երեխան վատանա, եթե տաքություն ունենա, նոր կարող ենք որոշել հիվանդությունը: «Հանձաժողովը թերթեց փաստաթղթերը, ասացին՝ երբ վատանա, հետ կուղարկեն»։
 
Մինչև բանակ գնալը «Արաբկիր» բժշկական կենտրոնում Նարեկի արյան հետազոտությունը ցույց է տվել, որ Պարբերական, ժողովրդական լեզվով՝ Երևանյան հիվանդության նախանշաններ կան, բայց այդ հիվանդությունը չի հաստատվել բժիշկների կողմից. երեխան արդեն զորակոչային տարիքի է եղել։ Ուղարկել են հոսպիտալ: Բայց Նարեկի հոր խոսքով՝ հոսպիտալում ստացիոնար չեն պահել, զննում ու քննություններ չեն կատարել։
 
Մինչև բանակ տանելը հայրը բողոք է ներկայացրել ՊՆ և Կենտրոնական զինկոմիսարիատ։ Նախարարությունից ընդունել է ներկայացուցիչ: Նորիկ Սարգսյանի պատմածով՝ նույն ՊՆ ներկայացոուցիչը մյուս օր զանգահարել ու ասել է, որ երեխան պիտանի է զինծառայության։
 
Շարքային զինծառայողը 2017-ի դեկտեմբերի վերջին եկել է արձակուրդ, սակայն 4 օր անց ծնողները նրան ստիպված Երևանի զինվորական հոսպիտալ են տարել. բարձրացել է ջերմությունը, ունեցել է ցավեր: Նարեկ Սարգսյանին ուղարկել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Նոր տարվա տոներին՝ մինչև հունվարի 8-ը, մնացել է հիվանդանոցում։ Իսկ հունվարի 9-ին, ինչպես զինծառայողի հայրն է պատմում, Ղարաբաղից մեքենա է եկել ու որդուն տարել են հետ. «Երեխան արագ ասեց՝ ինձ տանում են»։ Հայրը հետո է իմացել, որ որդուն երկու օր պահել են Ստեփանակերտի հոսպիտալում, ապա նորից տեղափոխել են Մարտակերտի զորամաս։
 
Նորիկ Սարգսյանը ասում է, որ շուտով որդուն կտանեն դիրքեր, քանի որ վեց ամիս արդեն ծառայել է, մինչդեռ որդին վատառողջ է, նոպաների մեջ չի կարողանա սահման պահել։
 
Նորիկ Սարգսյանը դիմում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ իր որդու՝ Նարեկ Սարգսյանի համար կրկնակի բժշկական հանձնաժողով հրավիրել, որը ճիշտ կախտորոշի Նարեկի մոտ առկա հիվանդությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը