Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայումը կվերականգնի կառուցող ընկերությունը
18-01-2018 15:28:01 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ կառավարության հունվարի 18-ին կայացած նիստից հետո Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ Հյուսիս-հարավ մայրուղու Երևան-Արտաշատ հատվածում ճանապարհի վերին շերտի քայքայմանը:
Ըստ նրա՝ եթե լաբորատոր փորձարկումը ցույց տա, որ աշխատանքը վատ է արված, ապա այն դեռևս սպասարկման փուլում է, և կառուցողը պետք է վերականգնի թերությունները:
Վ. Մարտիրոսյանի խոսքերով՝ նման կարգի շինարարությունների ընթացքում կարող են այդպիսի խնդիրներ առաջանալ:
Լրագրողի այն հարցին, թե նորմալ է արդյոք համարում այն, որ մեկ կիլոմետրի վերականգնման համար 2 մլն դոլար է ծախսվում, նախարարը պատասխանեց.
«2 մլն դոլարն այդպիսի շինարարությունների համար այդքան էլ մեծ գումար չէ, կարող է և ավելի լինել, կամ պակաս: Դա կախված է ռելիեֆից և գրունտից»:
Նրա փոխանցմամբ՝ ըստ ներկայացված փաստաթղթերի ճանապարհի վերահսկողությունն իրականացնող մարմինը թերացումներ չի հայտնաբերել: