Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին


Կառավարությունը լուծում կտա գույքահարկի և հողի հարկի գծով կուտակված պարտքերի խնդրին

  • 18-01-2018 16:04:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
 
Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը կուտակված գույքահարկի, հողի հարկի ինչպես նաև այլ ոլորտներում ապառքների խնդրի վերաբերյալ էր: «Տեղական ինքնակառավարման ոլորտում, պետական եկամուտների կոմիտեում ինչպես նաև այլ ոլորտներում կուտակվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորություններ։ Հաշվի առնելով, որ այդ ապառքների, տույժերի և տուգանքների հավաքագրման խնդիրները, չնայած նախկինում կատարված միջոցառումների, ամբողջական լուծում չեն ստացել, հարկավոր է մշակել համակարգային մոտեցում, որի արդյունքում հնարավոր կլինի լուծել կուտակված պարտավորությունների խնդիրը և կանխել հետագայում նման ծավալի ձևավորումը»,-նշել է Կարեն Կարապետյանը։ Այդ նպատակով վարչապետը  հանձնարարել է 1-ամյսա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, ֆինանսների նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին  և ՀՀ մարզպետներին ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գույքահարկի, հողի հարկի, ապառքների և այլ պարտադիր վճարների մասով գոյացած պարտավորությունների մարման, լուծման մեխանիզմների, ինչպես նաև նման պարտավորությունների չկատարման համար ներկայումս գործող օրեսնդրական կարգավորումների հստակեցման և նման դեպքերի կանխարգելման վերաբերյալ առաջարկություններ։ 
«Մենք պետք է մեկ անգամ հիմնավորապես այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք: Որևէ խնդիր չկա դա բեռ դարձնել, ունենք տարիներով կուտակված նախկին պարտքեր, մենք առաջարկելու ենք ճկուն մեխանիզմներ, որպեսզի այս տույժ ու տուգանքներն էլ անընդհատ չգան և վերջում դառնան անլուծելի խնդիր: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է շատ հաշվարկված, տրամաբանական, գուցեև համարձակ առաջարկություն տրվի»,- ասել է  Կարեն Կարապետյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play