Կներկայացվեն ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ


Կներկայացվեն ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ

  • 18-01-2018 16:15:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ էր: «Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։ Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,-ասել է վարչապետը: 
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պետական գնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։
«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություններ չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում և ինչ լուծումներ ենք ակնկալում նրա աշխատանքներից »,- ասել է վարչապետը:
 
 
Օրենսդրական նախաձեռնություններ
 
 
Կկարգավորվեն բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները 
Գործադիրը հավանություն է տվել  «Բազմազավակ ընտանիքների մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ  կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է բազմազավակության և ընդլայնված վերարտադրության խրախուսումը` բազմազավակ ընտանիքների սոցիալական կարգավիճակի և երաշխիքների հստակեցմամբ, բազմազավակ ընտանիքներին տրվող պետական աջակցության արդյունավետության բարձրացումը, բազմազավակության գրավչության մեծացումը, բազմազավակ ընտանիքի` որպես պետության և հասարակության հենասյունի, դերի բարձրացումն ու ամրապնդումը: Օրենսդրական փաթեթի նպատակն է կարգավորել բազմազավակ ընտանիքների աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները, սահմանել բազմազավակ ընտանիք հասկացությունը, բավարարել բազմազավակ ընտանիքների հիմնական պահանջմունքները, նպաստել բազմազավակ ընտանիքների ինքնապահովմանն ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, կանխարգելել նրանց սոցիալական մեկուսացումը և բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները
Գործադիրը հավանություն է տվել «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ՀՀ սահմանադրության 2015 թ. փոփոխություններով պայմանավորված՝ համապարփակ կարգավորել Հանրային խորհրդի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները՝ ստեղծելով խորհրդի բնականոն գործունեության համար անհրաժեշտ և բավարար նախադրյալներ: Օրինագծով  ամրագրվել են Հանրային խորհրդի գործունեության խնդիրները և գործառույթները,  սահմանվել են խորհրդի կառուցվածքը, կազմավորման և գործունեության կարգը,  նախատեսվել են խորհրդի անդամին ներկայացվող պահանջները: Սահմանվել է նաև, որ Հանրային խորհրդին կից գործում են 15 ոլորտային մշտական հանձնաժողովներ, կարգավորվել են խորհրդի անդամի գործունեության դադարեցման և դադարման հիմքերի հետ կապված հարցերը: 
Սահմանվել են անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը
Գործադիրը հավանություն է տվել  ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբորատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները: Նախագծով առաջարկվում է  գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով՝ սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը: 
Կսահմանվեն բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմներ
Հավանություն է տրվել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի, «Կրթության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության զարգացմամբ և միջազգայնացմանն ուղղված միտումներով, ինչպես նաև՝ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմամբ: Օրենսդրական փաթեթի նպատակն է միջազգային պահանջներին համապատասխան՝ խթանել նորարարությունը, բուհերի միջև մրցակցությունը և պատասխանատվությունը, ապահովել կրթական գործընթացի, այդ թվում՝ որակի ապահովման գործընթացների, անընդհատությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը, ինչպես նաև մատչելի և հանրությանը հասանելի հաշվետվողականությունը: Նախատեսվում է նաև սահմանել բարձրագույն կրթության որակի նկատմամբ վերահսկողության անհրաժեշտ մեխանիզմները՝ բարձրագույն կրթության բնագավառում միասնական պետական քաղաքականության և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության ապահովման համար: Արդյունքում ամբողջական և հստակ կսահմանվեն բարձրագույն կրթության բնագավառում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները, կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները: 
Ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը
Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման, նախագծի ընդունմամբ ընդլայնվելու է քաղաքացիական ծառայության շրջանակը, համապատասխան մարմիններն ունենալու են մարդկային ռեսուրսները կառավարելու օրենքով սահմանված հստակ լիզորություններ, բացի այդ, ապակենտրոնացվելու է քաղաքացիական ծառայության համակարգը: Փոփոխությունները  պայմանավորված են նաև ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու հանգամանքով: 
Գործադիրը հավանություն է տվել նաև «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը  ժամանակավոր արգելելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ կառավարության որոշմամբ  2018 թ. ապրիլի 1-ից  արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը և հաշվառումը: Բարձրացված խնդրին ամբողջական լուծում տալու համար ներկայացված  նախագծով առաջարկվում է ժամանակավոր՝ 2018 թ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք, մինչև Մաքսային  միության հանձնաժողովի 2011 թ. դեկտեմբերի 9-ի  «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» համապատասխան   որոշման մեջ  լրացում կատարելու և  աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող  երկրների ցանկում համապատասխան լրացում կատարելը:
Հավանության է արժանացել  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է օրենքը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Արդյունքում կապահովվի ինքնավար մարմիններին վերաբերող բարեփոխումների իրականացումը փոփոխված Սահմանադրության համատեքստում: Նախագծով սահմանվում են նաև հանձնաժողովի անդամների կրթությանը և աշխատանքային փորձին վերաբերող լրացուցիչ չափանիշներ:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,   «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին», ««Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ:
 
Լրացումներ՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրում
 
 
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ գերակա ճանաչված չորս ոլորտների համար մշակված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրերը մեկ տարվա ընթացքում իրականացնելու նպատակով կառավարությունը լրացումներ է կատարել 2015 թ. սեպտեմբերի 25-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Այդ որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով առողջապահության, կրթության, պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման ոլորտները ճանաչվել են թիրախային: Գործող ռազմավարությամբ խնդիր է դրված մշակել միջոցառումների ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը և նվազեցմանը: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play