Սարգիս Հացպանյանը պարգևատրվել է Հրանդ Դինքի անվան շքանշանով


Սարգիս Հացպանյանը պարգևատրվել է Հրանդ Դինքի անվան շքանշանով

  • 19-01-2018 16:26:14   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Այս տարի Հրանդ Դինքի անվան շքանշանը շնորհվել է արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, տարածաշրջանային հարցերով փորձագետ, հրապարակախոս, հայրենիքում և սփյուռքում մեծ ճանաչում ձեռք բերած Սարգիս Հացպանյանին։ 
 
Պարգեւատրումը կատարել է Լոս Անջելեսի Պոլսահայ Միության ատենապետ Տքթ. Մարգ Քէոշկէրը, ով Միացյալ Նահանգներից հատուկ ժամանել էր Ֆրանսիայի Լիոն քաղաք, որի կլինիկաներից մեկում այժմ բուժման մեջ է գտնվում Սարգիս Հացպանյանը։ 
 
Թուրքիայում սպանված «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Հրանդ Դինքի անվան շքանշանը 3 տարի շարունակ հունվար ամսին Լոս Անջելեսի Պոլսահայ Միության կազմակերպած միջոցառումների ժամանակ տրվում է այն մարդկանց, ովքեր Հրանդ Դինքի գաղափարակիցներն են և իրենց  գործունեությամբ ու ելույթներով պաշտպանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
 
Հունվարի 11-ին Լիոնում անցկացված այս միջոցառմանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում  Տքթ. Հակոբ Էքմեքճին Պոլիսից, Պր. Ժիրայր Քարակոզը  Փարիզից, Պր. Հակոբ Արտըչը  Գերմանիայից և այլ համակիրներ: 
 
Ներկաների կողմից անդրադարձ կատարվեց Սարգիս Հացպանյանի  կատարած հայանպաստ գործունեությանը, նշվեց, որ նա ոչ միայն  նվիրված է հայ ազգին ու Հայաստանին, այլ իր կյանքի պայմանները զոհաբերել է նաև Հայրենիքի բարելավմանը։
 
Նախորդ երկու տարիներին Հրանդ Դինքի անվան շքանշանը տրվել է  Խաչիկ Մուրատյանին, Թամեր Աքչամին եւ Արիս Նալճըյին, ովքեր Սարգիս Հացպանյանի նման հրապարակախոս, լրագրող կամ պատմաբան են:
 
Սարգիս Հացպանյանի առողջական վիճակը թույլ չտվեց պարգեւատրումը անկացնել Լոս Անջելեսում, սակայն հունվարի  20-ին Հրանդ Դինքի հիշատակին կազմակերպված միջոցառմանը  կցուցադրվի նաեւ Սարգիս Հացպանյանի և նրան պարգևատրելու արարողության վերաբերյալ տեսանյութ, ելույթ կունենան պատմաբաններ եւ մամուլի ներկայացուցիչներ։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play