Չենք պատրաստվում ենթարկվել ոչ դատավորների, ոչ էլ դատախազության կամքին. Փաստաբանները պայքարելու են մինչև վերջ (տեսանյութ)


Չենք պատրաստվում ենթարկվել ոչ դատավորների, ոչ էլ դատախազության կամքին. Փաստաբանները պայքարելու են մինչև վերջ (տեսանյութ)

  • 19-01-2018 17:32:44   | Հայաստան  |  Իրավունք



 
Չենք պատրաստվում ենթարկվել ոչ դատավորների, ոչ էլ դատախազության կամքին. Փաստաբանությունն ինքնին անկախ ինստիտուտ է, և մենք պայքարում ենք այդ ինստիտուտի ազատականացման համար:
 
Նման հայտարարությամբ հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկան որոշ փաստաբաններ: 
 
Ըստ փաստաբան Գրիշա Բալասանյանի՝ փորձ է արվում դատական նիստերի դահլիճում փաստաբաններին դարձնել զուտ սիմվոլ, որն իր ֆիզիկական ներկայությամբ կօրինականցնի ապօրինի դատական նիստերը: 
 
Նրա խոսքերով՝ հատկապես վերջին դատական նիստերի ընթացքում կոպտագույն խախտումներ են տեղի ունեցել, որոնք սրում են պայմանագրային և հանրային պաշտպանների հարաբերությունները՝  միաժամանակ հեղինակազրկելով հանրային պաշտպանի գրասենյակը:  
 
«Օրենքի տառին հակառակ դատարանները փորձ են անում զուգահեռ դատական պրոցեսում ներգրավել և հանրային, և պայմանագրային պաշտպանների.  Թող ինձ ներեն իմ գործընկերները, բայց փորձ են անում հանրային պաշտպանին վերաբերել որպես պահեստային պաշտպանի: Այդպիսով ոտնատակ են անում ոչ միայն այդ ինստիտուտի հեղինակությունը, այլ ընդհանրապես ոտնահարում են ամբաստանյալի՝ իր կամքով ազատ պաշտպան ընտրելու իրավունքը»,- նշեց Գ. Բալասանյանը` շեշտելով, որ փորձ է արվում խաչ քաշել արդարադատության վրա: 
 
Իր հերթին Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը նշեց, որ դատարանների ապօրինի գործողությունների հետ կապված հանրային պաշտպանի գրասենյակը բազմիցս բողոքներ է ներկայացրել և վիճարկել այն դրույթները, որ օրենքի մեջ երկու մրցակցող ինստիտուտներ կան:  
 
«Կոնկրետ «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը շատ հիմնավոր, պատճառաբանված և նույնիսկ կոշտ միջնորդություն ներկայացրեց, որ դատարանը դադարեցնի իր լիազորությունները. Այսինքն՝ ինքը որպես  հանրային պաշտպան ներկայացած անձ, պահանջում էր դատարանից և բավականին երկար կռիվ տվեց, որպեսզի դատարանը դադարեցնի իր լիազորությունները, քանի որ տվյալ անձինք հրաժարվել էին իր պաշտպանությունից և հայտարարել էին, որ ունեն իրենց պաշտպանները, սակայն դատարանը պահպանեց հանրային պաշտպանի լիազորությունները, ինչը պատրաստվում ենք բողոքարկել»,- փաստեց բանախոսը: 
 
Իսկ ահա փաստաբան Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ Հայաստանում բացի փաստաբաններից, պաշտպանության կարիք ունեն և համապատասխան օրենքը, և արդարադատությունը: 
 
Նրա պնդմամբ՝ դատարաններն ուղղակի անտեսում են օրենքը՝ փորձելով  հեղինակազրկել  պաշտպանի օգտակարությունը, փաստաբանական ինստիտուտը: 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք