Սարգիս Հացպանյանը բարձրաձայնում էր այնպիսի թեմաների մասին, որոնցից կիլոմետրերով հեռու են փախչում ներկայիս մտավորականները (տեսանյութ)
23-01-2018 14:59:26 | Հայաստան | Հասարակություն
Սարգիս Հացպանյանն ուսուցիչ էր, ով բարձրաձայնում էր այնպիսի թեմաների մասին, որոնցից կիլոմետրերով հեռու են փախչում ներկայիս մտավորականները:
Հունվարի 20-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում ծանր հիվանդությունից մահացած տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան, Արցախյան ազատամարտի մասնակից Ս. Հացպանյանին այդպես բնորոշեց նրա մտերիմ ընկերներից սփյուռքահայ լրագրող և պատմաբան Գևորգ Յազըճյանը:
Ըստ նրա՝ Ս. Հացպանյանն այն եզակի մարդկանցից է, ում մասին հնարավոր չէ անցյալով խոսել:
«Իր կյանքի վերջին 27 տարիները նա ապրեց հայրենիքում՝ տառապելով իր ազգի ցավերով, արտահայտեց դրանք անվախորեն ու խիզախորեն: Չէր էլ հարցնում, թե ով է դիմացինը, լիներ նախագահ, վարչապետ, կաթողիկոս կամ այլ մարդ, նա քննադատում էր, երբ անարդարություն էր տեսնում»,- նշեց Գ. Յազըճյանը՝ շեշտելով, որ Ս. Հացպանյանը հայ ժողովրդի վերջին տասնամյակների խիղճն էր:
Սփյուռքահայ պատմաբանի խոսքերով՝ Ս. Հացպանյանը համահայկական մոտեցում էր ցուցաբերում Հայաստանի և Սփյուռքի հետ կապված խնդիրներին, և մինչև մանրամասնորեն ծանոթ չլիներ տվյալ խնդրին, դրա մասին չէր խոսի:
Գ. Յազըճյանի գնահատմամբ՝ Ս. Հացպանյանի մյուս կարևոր հատկանիշն այն էր, որ նա վաղուց հայրենասիրությունից անցում էր կատարել հայրենատիրության. «Մարդկային մի որակ, որը դեռևս հազվադեպ է հանդիպում թե հայրենիքում, թե Սփյուռքում»:
Իր հերթին «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության անդամ, լրագրող Գոհար Արշակյանը նշեց, որ իր համար Ս. Հացպանյանը քայլող հանրագիտարան էր, ով չէր հոգնում մարդկանց սովորեցնելուց:
«Իմ ծանոթությունը Սարգսի հետ եղել է Նարեկացի արվեստի միությունում, որտեղ անմնացորդ նվիրումով նա իր դասախոսություններն էր կարդում՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: Նա վիլայեթ առ վիլայեթ պարզաբանում էր թեման, համեմում սլայդներով: Ես անսահման ափսոսում էի, թե ինչու նա չէր դասախոսում մեր բուհերում, անգամ այդ մասին նրան հարց տվեցի, բայց չպատասխանեց, միայն ժպտաց: Պարզ չի՞, թե ինչու»,- նկատեց Գ. Արշակյանը՝ հավելելով, որ այսօր Սարգիս Հացպանյանի նմանները տեղ չունեն բուհերում այն դեպքում, երբ նրա լսարանները մշտապես մարդաշատ էին լինում:
Նրա բնորոշմամբ՝ Ս. Հացպանյանը սկզբունքային և անաչառ մարդ էր, ում կենսագրությունը մաքրամաքուր էր. «Նրա կորուստը համամարդկային է. նրա գնալով մեզանում պակասեց մաքրությունն ու համարձակությունը, կարծում եմ շատ-շատերն իրենց պետք է մեղավոր զգան Սարգսի այս կարճատև կյանքի համար»:
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի փոխանցմամբ՝ Ս. Հացպանյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև էկոլոգիական շարժման մեջ:
«Հացպանյանին ճանաչում եմ 1990 թվականից. Նրա հետ մշտապես համագործակցել եմ և կարող եմ ասել, որ նա մի մարդ էր, ով հավատարմորեն ծառայեց ռազմի դաշտում և հասարակական-քաղաքացիական կյանքում: Ի տարբերություն ինձ և իմ նմանների՝ նա ուներ խոսքի կուլտուրա, հրաշալի հիշողություն և պայծառ միտք»,- ընդգծեց Հ. Սանասարյանը՝ հավելելով, որ Ս. Հացպանյանն ուներ մարդկանց հմայելու հմտություն:
«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» նախաձեռնության մեկ այլ անդամ Սոսե Ղլեջյանի խոսքերով՝ Ս. Հացպանյանը գաղափարի և սկզբունքի առաջամարտիկ էր, ով իր մեջ կրում էր նաև հայ ազնվականի կերպարը:
Նույն նախաձեռնության անդամ Սիրուն Սեմերջյանն էլ ըդնգծեց, որ բացի Հրանտ Դինքի անվան շքանշանաից, Ս. Հացպանյանն արժանացել է ևս մեկ կարևոր պարգևի՝ հայ ժողովրդի սիրուն ու երախտագիտությանը: