«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները. Շահան Գանտահարյան


«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները. Շահան Գանտահարյան

  • 23-01-2018 19:07:38   | Լիբանան  |  Վերլուծություն

«Ձիթենու ճյուղ» գործողությունը չի բնութագրվում պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ հանկարծակիության գործոնով։ Երկարատեւ նախապատրաստություն, զորքերի կուտակում, ազդանշանի հայտարարություն, նպատակի բանաձեւում եւ ապա նոր ներխուժման քայլեր:
 
Որքան էլ լարված իրավիճակի կապվելով սպասելի լինի հակամարտությունների դեպքում ռազմական բախումների մեկնարկը, այնուամենայնիվ հակառակորդը անակնկալի բերելու եւ գործողությունները վերջին պահին սկսելու գործնականությունը բազմիցս դրսեւորել է ինքն իրեն տարբեր միջավայրերոմ եւ տարբեր ժամանակների ընթացքում։
 
Աֆրինի ուղղությամբ Անկարայի ձեռնարկած քայլը ոչ միայն հեռու է հանկարծակիության գործոնի տեսությունից, այլեւ նախքան մեկնարկը այն տպավորությունն է թողնում, որ թիրախին առընթեր նպատակադրում է գրավել համայն աշխարհի ուշադրությունը, կամ ավելի ճիշտ՝ միջազգային հանրային կարծիքը:
 
Սիրիական պատերազմի ապրած անդադար ձեւափոխումների հերթական արարն է, որը տեղի է ունենում, ռազմական գործողությունները տեղափոխելով թուրք-քրդական հակամարտության հարթություն:
 
Այս երկարատեւ նախապատրատությունը իհարկե միայն ռազմական ոլորտի եւ զինուժի կուտակմանը չի վերաբերում: Զուգահեռ, կար ներխուժումը համաձայնեցնելու խնդիր տարբեր կողմերի հետ: Իսկ քաղաքական նախապատրաստությունը «ձիթենու ճյուղ»-ի հետեւյալ դիտակետերի շուրջ է զարգացնում վերլուծական փորձը:
 
Դամասկոս-Անկարա հայտարարողական հարթության վրա արձանագրված ելեւէջների վերջին հանգրվանը հատկանշվել էր թշնամական ոճաբանության վերադարձով: Անկարան վերհիշեցնում էր Ասադի վարչակարգի տապալման նախապայմանականությունը, մինչ պաշտոնական Դամասկոսը ազդարարում էր, որ անհետեւանք չի մնա Անկարայի կողմից սիրիական տարածքների ուղղությամբ կատարված որեւէ զինվորական ոտնձգություն:
 
Բնականաբար Դամասկոսի հակահարվածի կանաչ լույսը միացվելու էր Սիրիայում տեղակայված ռուսական զորաբաժնի հրամանատարությունից: Իսկ այստեղ շարունակվում է արդեն քաղաքական իրադրությունների շղթայական կապի տրամաբանությունը: Սպառնալիքի հայտարարությունը ռազմական գործնականության վերածելը կամ ձեւական հակահարվածից ուղղակի հակահարձակողանի անցնելը (կամ չանցնելը) նախագծում էին խաղի կանոնների ընդհանուր սահմանները: 
 
«Ձիթենու ճյուղ»-ը թույլատրված գործողության դաշտում դիտարկելի երեւույթ է, այն առումով, որ Սիրիայում տեղակայված այլ գլխավոր խաղացողի` Թեհրանի նախազգուշացումները կամ այս առիթով դրսեւորած անհանգստությունը զուսպ է եւ ըստ էության չի արգելակում կամ չի կանխարգելում ներխուժման իրականացումը:
 
Մինչ Վաշինգտոնը Սիրիայի քրդերի նկատմամբ որդեգրում է Իրաքի քրդերի ուղղությամբ ճշտած դիրքորոշումների հարափոփոխ նման պահվածք: Այն է` որոշ, սահմանափակ կտրվածքով արտոնել քրդերին խաղաթղթի կարգավիճակ ձեռք բերելու գործընթացները:
 
Հակաահաբեկչական պայքարի միջազգային կարգախոսի եւ նորաձեւ եզրերի որդեգրումով Անկարան փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ մարդկության դեմ լուրջ սպառնալիքի դեմ պատերազմ է մղում։
 
Ճիշտ է, որ քրդական գործոնի սահմանափակման համար շահերի համատեղման կետեր  են երեւում «ձիթենու ճյուղ»-երի արտոնված ծլարձակումներում: Ավելի վերեւներից օգտագործված մանրադիտակային տեսողությունը նշմարում է, որ սահմանափակ շրջագծեր կան նաեւ Անկարայի շարժումների համար եւ` դրանց թույլտվությունը պահանջող քայլեր: Որոնց շարքին նաեւ «Ձիթենու ճյուղ»-ը:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play