Անգելա Մերկելն առյուծի կա՞թ է խմել, ի՞նչ է նրան հայտնի ԱՄՆ-ի ապագայի մասին


Անգելա Մերկելն առյուծի կա՞թ է խմել, ի՞նչ է նրան հայտնի ԱՄՆ-ի ապագայի մասին

  • 25-01-2018 18:27:51   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Ուշագրավ, նույնիսկ զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ, Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանում Գերմանիայի կանցլերը շեշտել է. «Արտաքին քաղաքկանության ոլորտում Եվրոպան հաճախ հիմնված է եղել ԱՄՆ-ի դիրքորոշումների վրա: Այս իրավիճակը այժմ պետք է փոխվի»: 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղած իր ակնարկներում ու միաժամանակ կարևորելով համագործակցության ու բազմակողմանի մոտեցումների անհրաժեշտությունը, Գերմանիայի կանցլերն ասել է. «Մեկուսացածները լավ ապագա չեն ունենալու»:
«Պետք է բազմակողմանի համագործակցությամբ կարգավորել այն երկրների խնդիրները, որոնցում երկբևեռություն է առաջացել»,- ասել է Մերկելը:
Անդրադառնալով լուրջ մտահոգության տեղիք տվող բնակլիմայական փոփոխությունների խնդրին, Գերմանիայի կանցլերն ասել է. «Ցավոք, ներկա պայմաններում առանց ԱՄՆ-ի ներկայության կարող ենք հետևել այս պայմանագրին, և դա` այն պայմաններում, երբ բնակլիմայական փոփոխությունների մեծ վտանգը դեռ գոյություն ունի»:
Թրամփի համար, անշուշտ, որևէ նշանակություն չունի հայտնի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ Մերկելի այս անուղղակի քննադատությունը, որը նույնիսկ քննադատություն չէ, այլ մտահոգություն: Սակայն, ԱՄՆ-ի նախագահը կամ Միացյալ Նահանգները արդյոք կների՞ Անգելա Մերկելին այն խոսքի համար, որ Եվրոպան ինքնակենտրոն ԱՄՆ-ի վրա հիմնված լինելու հարցում պետք է փոխի իր քաղաքականությունը: Մանավա՛նդ, եթե Գերմանիան առաջիկայում դրսևորի բավարար համարձակություն և իր ղեկավարի նշված խոսքը վերածի գործի: Գերմանիայի կանցլերի հիշյալ հայտարարությունն, ըստ էության, արտաքին քաղաքականության հարցում ԱՄՆ-ին այլևս չենթարկվելու, տվյալ հարցում կիսագաղութային երկրի կարգավիճակից դուրս գալու վերաբերյալ Եվրոպայի իր գործընկերներին ուղղված Գերմանիայի անուղղակի կոչն է, Միացյալ Նահանգների դեմ ապստամբության կոչ: Իսկ ապստամբությունները դեռ անտիկ ժամանակներից միշտ էլ դաժանորեն ճնշվել են, եթե, իհարկե, երկիրը, որի դեմ ապստամբել են, ունեցել է դրա կարողությունը: Եվ ահա այստեղ առաջանում է գլխավոր հարցը` Միացյալ Նահանգներն արդյոք ունի՞ Գերմանիային և եվրոպական թերևս էլի մի քանի երկրի պատժելու կարողություն, որոնք, հնարավոր է, հետևեն Մերկելի արտահայտած վերոնշյալ դիրքորոշմանը:
Գերմանիայի կանցլերն, անշուշտ, ոչ թե միամիտ, այլ հակառակը` փորձառու քաղաքական գործիչ է, և եթե նա հանդես է եկել վերոնշյալ կոչով, ապա դա առնվազն նշանակում է, որ այն նախապես համաձայնեցրել է իր եվրոպական որոշ գործընկերների հետ, որպեսզի միայնակ չմնա և հնարավորինս նվազեցնի ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկվելու ռիսկը` այն տրամաբանությամբ, որ եվրոպական մի քանի երկրի պատժելն ԱՄՆ-ի համար հեշտ չի լինի, ու հենց սա հաշվի առնելով, Միացյալ Նահանգները դժվար թե դիմի պատժամիջոցների: Մանավա՛նդ, եթե իրենք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը չհետևեն այնպիսի հարցերում, որոնք վերջինիս համար առանձնապես մեծ նշանակություն չունեն: Սակայն նույնիսկ դա դժվար թե բավարար լիներ, որ Մերկելը դրսևորեր նման համարձակություն: Գերմանիայի կանցլերը հավանաբար տեղեկություններ ունի, որ ԱՄՆ-ին դժվարին ժամանակներ են սպասվում, ինչն այդ պետությանը թույլ չի տա իրենցով զբաղվել: Նշենք, որ սա ընդամենը ենթադրություն է, Գերմանիան, եվրոպական այլ երկրներ արդյոք կհետևե՞ն Մերկելի հայտարարությանը, մինչ այդ կամ դրանից հետո ի՞նչ կանի ԱՄՆ-ը նրանց նկատմամբ, Միացյալ Նահանգներն արդյոք կհայտնվի՞ այլ հանգամանքներով, գործոններով պայմանավորված ծանր կացության մեջ` ցույց կտան առաջիկա մի քանի տարիները: Կասկածից դուրս է միայն մի բան` մեզ բոլորիս սպասվում են հետաքրքիր ու բարդ ժամանակներ…
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական