Պետք է դեն շպրտել ռուսական զենքերը և զինվել այլ երկրների զենքերով.Վահան Բադասյան


Պետք է դեն շպրտել ռուսական զենքերը և զինվել այլ երկրների զենքերով.Վահան Բադասյան

  • 25-01-2018 18:50:56   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը
 
-Պարոն Բադասյան, հունվարի 19-ին Ադրբեջանը Ռուսաստանից ԲՏՌ-ների հերթական խմբաքանակն է ստացել։ Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի այս քայլը, որ որևէ արձագանք չստացավ Հայաստանում։
 
-Ռուսաստանն այս քաղաքականությունն առաջին անգամ չէ, որ վարում է։ Նա այդ քաղաքականությունը վարում է 200 տարուց ավելի։ Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր վերաբերմունքը ընդհանրապես միջազգային ասպարեզում քաղաքական պոռնկություն է։ Ռուսաստանը համարվում է Հայաստանի գործընկերը, ավելի ճիշտ Հայաստանը Ռուսաստանի միակ գործընկերն է Հարավային Կովկասում, իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանին շատ է անհրաժեշտ։ Մյուս կողմից, Ռուսաստանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահողներից մեկն է։ Ուստի եթե Ռուսաստանը, լինելով միջնորդ ու Հայաստանի ռազմավարական գործընկեր, զենք է տալիս իր գործընկերոջ հակառակորդին, զենք է տալիս հակամարտող կողմերից մեկին, դա այլ կերպ չի կարելի որակել, քան հանցագործություն և միջազգային կարգի քաղաքական պոռնկություն։ Երբ Լենինն ասում էր, որ քաղաքականությունը պոռնկություն է, հենց այս դեպքերի համար է ասել, որովհետև ինքն էլ, լինելով ռուսական կայսրության ներկայացուցիչներից, նույնպես քաղաքական պոռնկություն կատարողներից մեկն էր, խոսքը վերաբերում է Ղարսին, քեմալական Թուրքիայի հետ կնքած դաշնագրերին և այլն։
 
Ես արդեն ասացի, որ Հարավային Կովկասը շատ է պետք ռուսներին, ու փոխանակ նրանք ընկնեն հայերի հետևից, հակառակն է տեղի ունենում։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները տառապում են կույր ռուսապաշտությամբ, և դա է պատճառը, որ Ռուսաստանն ինչ ուզում անում է, ինչպես ուզում վարվում է Հայաստանի հետ։ Այստեղ մի բայց կա, ի ուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ հայ ժողովուրդը և հայաստանաբնակ քաղաքացիները այլևս նախկինը չեն։ Այսօր շատ մարդիկ կան ինձ նման մտածող, որ ոչ թե հակառուսականությամբ են տառապում, այլ օբյեկտիվ ու ճիշտ են գնահատում իրականությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև հենց ժողովուրդը պետք է հստակ դիրքորոշում ունենա և կարողանա զսպել իշխանություններին։ Դա է եղել պատճառը, որ Հայաստանի բոլոր նախագահները հերթով Ռուսաստանին են հանձնել Հայաստանի տնտեսական լծակները։ Իսկ այդ տնտեսական լծակները կարժենան այնքան մեծ գումարներ, որ կարելի է թե անգլիական, թե ֆրանսիական, թե ամերիկյան արսենալից մեծ քանակությամբ զենք գնել ու զսպել Ադրբեջանին, քան ռուսական արսենալով։ Իսկ մեր տնտեսական լծակները էլեկտրական հոսանքն է, որը տվել ենք ռուսներին, և նա մեզ վաճառում է 49 դրամով, իսկ մեր հարևան երկրներին վաճառում է 22 դրամով։ Հաջորդը իրանական գազն է, որի կառավարումը մեր իշխանությունները հանձնել են Ռուսաստանին, և վերջինս 320 դոլարով վաճառում է մեզ։ Հաջորդը կապն է, որ օրական հարյուր միլիոնավոր դրամներ են տանում մեր քաղաքացիներից։ Մյուսը ԱՊՊԱ-ն է, որը տարեկան մոտ 100 մլն դոլար է տանում ՀՀ քաղաքացիների գրպանից։ Էլ չեմ ասում ջրի, օգտակար հանածոների, մոլիբդենի, պղնձի, ոսկու մասին, որոնք հոսում են դեպի Ռուսաստան։ Այսինքն մենք բախտավոր երկիր ենք, որ նավթ չունենք, որովհետև բոլորը կհարձակվեին մեզ վրա, և բախտավոր երկիր ենք, որ ունենք ներքին այլ հարստություններ, բայց այդ բոլորը հիմա Ռուսաստանի ձեռքին են։ Ու Ռուսաստանը մեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է։
 
 
-ԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան ադրբեջանցի պատվիրակի հարցի, Սերժ Սարգսյանը նշեց. «Բանակցային գործընթացում դուք անհնարինն եք ուզում։ Ցավոք, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարել եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի։ Անհնար է դա, դա երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության ու ինքնորոշման համար, որը չի կարող դրական ելք չունենալ»։ Ինչպե՞ ս եք գնահատում այս պատասխանը։
 
-Ես նորմալ եմ համարում այդ հայտարարությունը։ Կամաց-կամաց Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախը երբեք իր կազմում չի եղել, միայն Խորհրդային տարիներին է եղել, բայց ԽՍՀՄ-ը վերացել է։ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ երկրի Սահմանադրության համաձայն Արցախը Ադրբեջանի պես ինքնորոշվել է և հռչակել անկախություն։ Ադրբեջանը դրանից հետո ագրեսիա սկսեց և պատերազմի արդյունքում կորցրեց նաև այն տարածքները, որոնք պատմականորեն իրենը չէին։ Այսինքն պատմականորեն Ադրբեջանն ի հայտ է եկել 1918 թվականին, բայց այդ տարածքները պատմականորեն մերն էին ու դա մենք ապացուցում ենք։ Ու ապացուցում ենք ոչ թե խաչքարերով, այլ հայկական գերեզմաններով, պատմական հայկական բնակավայրերով։ Այդ տարածքները մերն են և չեն հանձնվելու, ինչքան էլ խոսեն։ Հարցի լուծման ձևն է, որ պետք է պարտադրվի համանախագահներին, որ նրանք դրանով առաջնորդվեն։
 
 
-Ձեր կարծիքով, Հայաստանը զենք ձեռք բերելու այլընտրանքային ուղինե՞ր պետք է որոնի, որպեսզի չապավինի միայն Ռուսաստանին։
 
 
-Այո, ես կարծում եմ՝ պետք է դեն շպրտել ռուսական զենքերը և զինվել այլ երկրների զենքերով, օրինակ Ամերիկայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի։ Նաև պետք է -սեփական արտադրության մասին մտածել, բայց դրա համար պետք է ունենալ հայրենասերներից կազմված իշխանություն։ Երկիրը չպետք է թալանվի, չպետք է օտարին տրվի։
 
 
-ՀՀ նախագահի թեկնածուն պետք է այցելի նաև Լեռնային Ղարաբաղ և հանդիպումներ ունենա։Ինչո՞ւ է նա որոշել այցելել Ղարաբաղ։
 
-Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը նախագահի թեկնածու է, նա մարզպանի թեկնածու է։ Մարզպան եմ ասում, որովհետև նախագահ նշանակում է լինել ժողովրդի ընտրյալ, իսկ նա ժողովրդի ընտրյալը չէ, նա մի քանի հոգու կողմից նշանակված անձ է, որին թեկնածու ասել էլ չի կարելի։ Ես նրան համարում եմ մարզպան, ինչպես նախկինում Պարսից շահը Հայաստանում և Վրաստանում մարզպան էր նշանակում։ Ինչպես Շապուհը մարզպան էր նշանակել Վասակ Սյունուն։ Նախագահը խորհրդանիշ է, քանի որ ընտրվում է ժողովրդի կողմից, բայց հիմա նա նշանակվում է, ու այդ դեպքում ի՞նչ տարբերություն՝ նշանակվողը նախագահ է, թե մարզպան։
 
 
-Այդ դեպքում ինչո՞ւ է գալիս Արցախ, ի՞նչ ակնկալիքով։
 
 
-Դե մարդ է, իր իրավունքն է գալ Արցախ։ Նորմալ է, որ նշանակովի մարզպանը գալիս է Արցախ։ ԼՂ բանակցություններին մասնակցելու լիազորություն նա չպետք է ունենա թե օրենքով սահմանված, թե ընդհանրապես։ Նման լիազորություն նա օրենքով չունի էլ։
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play