Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը. Շահան Գանտահարյան


Սկսվում է Արցախ-եվրոպական կառույցներ ձեւաչափային գործընթացը. Շահան Գանտահարյան

  • 27-01-2018 18:31:53   | Լիբանան  |  Վերլուծություն

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում նախագահ Սարգսյանի խոսքն ու նրան հետեւած հարցերի պատասխանները բնականաբար պետք է ընկալել իբրեւ մի ամբողջություն: Տեւողությունը այս ամբողջության ուղիղ հավասար համեմատությամբ է. կես ժամ գրավոր խոսք, որից հետո նաեւ կես ժամ հարցերին տրված պատասխաններ։
 
Ամբողջականություն է նկատվում նաեւ մշակվածության, քաղաքական գրագիտության, իրազեկության եւ մանավանդ ուղերձների բազմահասցեականության նուրբ դրույթների առկայությամբ:
 
ԵԽԽՎ-ի պաշտոնաթող նախագահին հղված գնահատանքի խոսքը եթե մի կողմից ներառել է նրա կիպրացի լինելու փաստի հետ կապված պաշտոնական Նիկոսայի կողմից նախորդ տարվա ընթացքում կատարված հայ-կիպրական հարաբերությունների սերտացման եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը շեշտող հայտարարությունները, ապա մյուս կողմից հավանաբար կիպրացի պաշտնատարի՝ ԵԽԽՎ-ի նախագահությունը ստանձնած ժամանակի անմիջականությամբ հրապարակված Ադրբեջանի լվացքատան հանգամանքի բացահայտումների ենթաշարժառիթները: Թեմաների իրարահաջորդ անցումներից հետո նախագահ Սարգսյանն իր խոսքում հատուկ կենտրոնացումով խոսեց ադրբեջանական լվացքատան մասին, այն հակադրելով եվրոպական արժեհամակարգին:
 
Այնուհետեւ ամբողջ խոսքը կառուցվել է եվրոպական արժեքների, համաեվրոպական կառույցների հնչեցրած սկզբունքների եւ առաջադրանքների համահունչ արտաքին քաղաքականություն որդեգրած լինելու եւ այդ շրջածիրում իրագործված հանգրվանները ներկայացնելու մեթոդաբանության վրա: Մինչեւ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցություն եւ բարեփոխումների փուլային իրականացման գործընթաց, մինչեւ նորացված սահմանադրություն եւ կառավարման համակարգի խորհրդարանականացում` բոլորը վերլուծական մոտեցումով, բայց մանավանդ համաեվրոպական սկզբունքների ընդգծումներով հնչեցին Ստրասբուրգի համագումարի դահլիճում, այն ուղերձը փոխանցելով, որ պաշտոնական Երեւանը աննահանջ որդեգրել է դեպի Եվրոպա ընթանալու արտաքին քաղաքական վարքագիծը:
 
Հռետորության ընկալելի մարտավարությունը այս բոլորին` Երեւանի եւ այս դեպքում ԵԽ-ի սկզբունքների փոխհարազատութունն ու համատեղելիությունը լուսարձակի տակ բերելն էր եւ այդ բոլորի ներկայացման ընթացքում Բաքվի կողմից այդ բոլորի ուղղությամբ դրսեւորած հակասություններն ընդգծելը:
 
Նախագահի խոսքում այս ամենից բացի առկա է դիրքորոշում` ԵԽ-ի բարեփոխումների գործընթացին սատարելու, մասնակից դառնալու ավելի կուռ եւ ներառական Եվրոպայի ստեղծման տեսլականի իրագործման մեծ ծրագրին:
 
Նույնքան կարեւոր է սակայն հարց-պատասխանի բաժինը, ուր պարզվում է ԵԽ-ի կողմից տասը տարի առաջ պատժամիջոցների ենթարկելի Երեւանի այսօր արդեն նվաճած ձեռքբերումների, Արցախյան հակամարտության բանակցությունները իրատեսական հարթություն բերելու համար Եւրոպայի երկրների նկատմամբ հայկական կողմի ակնկալություններին, Անկարայի նախապայմանային քաղաքականության իբրեւ հետեւանք մինչեւ գարուն առ ոչինչ հայտարարվելիք արձանագրությունների կարգավիճակին, ՀՀ-ի ձեռնարկած բարեփոխումներին հավելյալ ժողովրդավարացում հետապնդած նպատակադրումին, ԵՏՄ-ԵՄ եւ ՀԱՊԿ- ՆԱՏՕ անդամակցություն-համագործակցություն համատեղված ձեւաչափերին, միջազգային միավորների որդեգրած բանաձեւերին ընդառաջ գնալու գործնական փաստերին եւ մանավանդ Արցախյան հակամարտության էության եւ հայկական կողմի դիրքորոշումների մասին:
 
Այս բոլորի մեջ կարմիր թելի նման անցնում է եվրոպական արժեհամակարգին հայկական կողմի որդեգրած քաղաքականության համահնչեղությունը եւ մյուս կողմից Բաքվի հակակառուցողականությունն ու հակաեվրոպականությունը լուսարձակի տակ բերելը: Բայց այստեղ արդեն ոչ միայն հայաստանյան բարեփոխումների եւ ժողովրդավարացման ուղիների մատնանշումն է, այլեւ Արցախի հետ կապված տարբեր դրույթներու վրա եվրոպական ուշադրությունը հրավիրելու կարեւոր քայլը:
 
«Արցախը 2015 թվականին միակողմանիորեն միացել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային եւ պարտավորվել է լիարժեքորեն կիրառել այդ սկզբունքները: Հետեւաբար Եւրոպայում չպետք է լինեն «գորշ գոտիներ», երբ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, ինչպես իրավացիորեն նկատել է է ԵԽ-ի գլխավոր քարտուղարը»: Այս նշումներից հետո նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Արցախի կողքին կկանգնի նաեւ այս կազմակերպությունը (ԵԽ-ն)` իր ողջ փորձագիտական ներուժով: Արցախի բնակիչը դրան արժանի է եւ այդ իրավունքը վաղուց արդեն վաստակել է:
 
Ուրեմն. նախանշային ուղերձներում` բարեփոխումները եւ դեպի Եվրոպա երթը շարունակելու, արձանագրությունները առ ոչինչ հայտարարելու, միակողմանի զիջումների չգնալու, ԵԽ-ի բարեփոխումների գործընթացին մասնակցելուն առընթեր Ստրասբուրգում հնչել է նաեւ Արցախ-եվրոպական կառույցներ համագործակցության ձեւաչափեր ճշտելու եւ իրականցնելու առաջադրանքի Երեւանի սատար կանգնելու հստակ ուղենիշը:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն