Եվրամիությունը ցանկանում է փոփոխել հայ ժողովրդի մոտ ավանդական ընտանեական արժեհամակարգը՝ քանդելով ընտանիքները, միասեռականություն քարոզելով և միասեռականների իրավունքները պաշտպանելով (տեսանյութ)


Եվրամիությունը ցանկանում է փոփոխել հայ ժողովրդի մոտ ավանդական ընտանեական արժեհամակարգը՝ քանդելով ընտանիքները, միասեռականություն քարոզելով և միասեռականների իրավունքները պաշտպանելով (տեսանյութ)

  • 27-01-2018 20:47:53   | Հայաստան  |  Իրավունք



 
 
 
 
Եվրամիությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հավաստմամբ, այլևս գիտի, որ Հայաստանում առկա է դիմադրության որոշակի ճակատ…
«Իմպերիում Պլազա» բիզնես-կենտրոնի համաժողովների դահլիճում «Հայ ավանդական ընտանիքին նետված արդի մարտահրավերները և սպառնալիքները (իրողությունների գնահատում և 2017-ի արդյունքների ամփոփում)» վերտառությամբ երեկվա համաժողովի ընթացքում «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ներկայացնելով 2017թ. հայ ավանդական ընտանիքի պահպանությանը և պաշտպանությանն ուղղված գործունեության արդյունքները, ասաց.
«2017 թ.-ին իրականացվել են մի շարք աշխատանքներ իրավական, տեղեկատվական և կազմակերպչական ոլորտներում, որոնցում առավել ակտիվ մասնակցություն են ունեցել «Հանուն ինքնիշխանության վերկանգնման» նախաձեռնությունը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ն, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնությունը, ՀՀ փաստաբանների պալատը, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Երևանի աշխարհաքաղաքական ակումբը, «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ն, «Ոչ գենդերային այլասերումներին» նախաձեռնությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ-ն, «Իրավունք», «Իրատես», «Հայոց Աշխարհ» թերթերը, «Նոյան Տապան» լրատվական կենտրոնը, «ArmAr», «Stop-G7», «Henаran» կայքերը»։
Բանախոսի տեղեկացմամբ, 2017 թ.-ի փետրվարի 10-ին Սուրբ Էջմիածնում, Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու աջակցությամբ տեղի է ունեցել Աֆոն Սուրբ լեռան ռուսական սրբավայրերի աջակցության բարեգործական հիմնադրամի կազմակերպած «Ընդհանուր քաղաքակրթական ընտրություն» խորագրով միջազգային համաժողովը։ Համաժողովի նպատակն էր Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հումանիտար և մշակութային համագործակցության ամրապնդումն ու երկու երկրների երիտասարդության ապագայի հետ կապված հարցերի քննարկումը։ Համաժողովին ելույթ է ունեցել նաև «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը։
«2017 թ.-ի մայիսի 19-ին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ վերջինիս կողմից 2017-ի մայիսի 17-ին իր երկրի դրոշի փոխարեն բարձրացված ԼԳԲՏ դրոշի կապակցությամբ, ինչը հասարակական կազմակերպությունների կողմից համարվել էր որպես համասեռամոլության քարոզ,- ասաց հիշյալ կենտրոնի ղեկավարը:- Ակցիայի կազմակերպման գործում մասնակցություն են ունեցել «Ժողովրդի ձայնը» ՀԿ ղեկավար Արման Ղուկասյանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը: 2017-ի հուլիսին և օգոստոսին «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Մխիթարիչ» բարեգործական ՀԿ ղեկավար Խաչիկ Ստամբոլցյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը մասնակցեցին ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակներից» երկու ՝ 5-րդ և 16-րդ նպատակների ազգայնացման աշխատանքներին վերաբերվող քննարկումներին։ Ընդհանուր առմամբ տեղի ունեցավ թվով վեց քննարկում ՀՀ արդարադատության նախարարությունում։ Քննարկումները վարում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ 5-րդ նպատակը վերաբերվում էր գենդերային հավասարությանը, իսկ 16-րդ նպատակը կոչվում էր «Խաղաղություն, արդարադատություն և արդյունավետ հաստատություններ»։ Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցում էին ինչպես պետական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ Հայաստանում այլասերման քարոզով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Քննարկումների ընթացքում առաջարկվեցին փոփոխություններ և դիտողություններ 16-րդ և 5-րդ նպատակների վերաբերյալ։ Մասնավորապես` բարձրացվեց պետական կառույցների պաշտոնական փաստաթղթերում «գենդեր» հասկացության օգտագործման հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, համաձայն արևմտյան միջազգային կառույցների նորմերի, «գենդերը» վերաբերվում է նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց»։
Ինչպես նշեց Հայկ Այվազյանը, 2017թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից Մատենադարանի համաժողովների դահլիճում կազմակերպվեցլ է «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչը, Եվրամիության, միջազգային կառույցների և մի շարք երկրների դեսպանությունների ներկայացուցիչներ։
«Քննարկման կազմակերպիչներն օրենքի նախագծի ընդդիմախոսներին փորձեցին զրկել ելույթի հնարավորությունից, որից հետո սկսվեց բողոքի ակցիա,- ասաց հիշյալ կենտրոնի ղեկավարը:- Արդյունքում՝ «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը՝ որպես ընդդիմախոսների միասնական ներկայացուցիչ, ստացավ ելույթի հնարավորություն: Նա հանրությանը ներկայացրեց օրենքի նախագծի վտանգավոր կետերը, ներկայացրեց նախագծում փոփոխությունների մեր առաջարկները։ Այդ քննարկումը լայն արձագանք ստացավ ՀՀ տեղեկատվական դաշտում. նախնական հաշվարկներով այդ քննարկման հետ կապված նյութերը դիտվել են մոտ 300 000 անգամ։
2017-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովը կաղմակերպել էր «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի քննարկում, որի ընթացքում օրենքի նախագծի ընդդիմախոսները հարցեր ուղղեցին ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին։ Ելույթ ունեցողները հանդես եկան օրենքի նախագծի սուր քննադատությամբ և նախագծում փոփոխություններ կատարելու պահանջով։ Ելույթ ունեցողների շարքում էին «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ ղեկավար Արման Բոշյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը, հասարակական գործիչներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը։ Օրենքի նախագծի սուր քննադատությամբ հանդես եկան նաև «Ծառուկյան» խմբակցության մի քանի պատգամավորներ։
Հաջորդ օրը՝ 2017 թ.-ի հոկտեմբերի 18-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծի քննարկումը, որի ժամանակ ելույթ ունեցան «Համահայկական ծնողական կոմիտե»-ի հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը, լրագրող Արթուր Հովհաննիսյանը, «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու հարցը՝ իրավական մի շարք հասկացությունների հստակեցման և վտանգավոր դրույթների վերացման նպատակով»։
2017 թ. հոկտեմբերի 23-ին «Գոլոս Արմենիի» խմբագրությունում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում քննարկվեց միջազգային կառույցների գործունեությունը Հայաստանում։ Կլոր սեղան- քննարկմանը մասնակցեցին և ելույթ ունեցան «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։ Մասնակիցները քննարկեցին միջազգային կառույցների և հիմնադրամների քայքայիչ գործունեությունը Հայաստանում»։
Բանախոսի տեղեկացմամբ, 2017թ. հոկտեմբերին և նոյեմբերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արտաշես Խալաթյանը, «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը մասնակցել են «Երեխայի իրավունքների մասին» և «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքների նախագծերի քննարկումներին։ Աշխատանքներին մասնակցել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։
«2017 թվականի նոյեմբերի 11-ին «Թեքեյան» կենտրոնի համաժողովների դահլիճում տեղի ունեցավ համաժողով ««Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը՝ որպես սպառնալիք ընտանեկան և հոգևոր արժեհամակարգին» թեմայով,- ասաց Հայկ Այվազյանը:- Համաժողովը կազմակերպել էին «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնությունը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ն և «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնությունը։ Համաժողովի արդյունքում ձևավորվեցին աշխատանքային խմբեր իրավական, տեղեկատվական և կազմակերպչական ոլորտներում աշխատելու համար։
2017-ի ընթացքում «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը և «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության համակարգող Կարինե Եսայանը մասնակցեցին ընդհանուր առմամբ չորս աշխտանքային քննարկման ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակում։ Քննարկվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքի նախագիծը»։
2017 թ. «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Հայկ Այվազյանը, «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր-անդամ Լիա Ավետիսյանը, բանախոսի տեղեկացմամբ, հինգ անգամ եղել են «Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդման հյուրերը։ Հաղորդումների ընթացքում քննարկվել են «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում պարունակվող վտանգները և միջազգային հիմնադրամների քայքայիչ գործունեությունը Հայաստանում։ 2017 թ. հոկտեմբերի 10-ին Հայկ Նահապետյանը մասնակցել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդմանը՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի մասնակցությամբ։  Հաղորդման ընթացքում քննարկվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը։ Նույն թեմայով քննարկում կազմակերպվել է նաև 2017թ. հոկտեմբերի 6-ին «Նոյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում՝ Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի մասնակցությամբ: 2017թ. Հայկ Նահապետյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տվել է մի քանի հարցազրույց՝ կապված Եվրամիության պարտադրանքով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված օրենքի նախագծերի հետ։ Վերոնշյալ թեմաներով տեղի են ունեցել նաև անհատական հանդիպումներ ՀՀ արդարադատության փոխնախարարի, կրթության և գիտության փոխնախարարի, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, ԱԺ ՀՀԿ խմբակցության բազմաթիվ պատգամավորների, ՀՀԿ գործադիր մարմնի Հանրային խորհրդի մի շարք անդամների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և նրա գրասենյակի մասնագիտական խմբի անդամների հետ:
«Հասարակական լայն քննարկումների արդյունքում ՀՀԿ գործադիր մարմնում երկու անգամ տեղի է ունեցել ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկում,- ասաց Հայկ Այվազյանը:- Արդյունքը՝ բացասական գնահատական և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկ:
Հանրային խորհրդում ևս տեղի է ունեցել ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկում: Արդյունքը՝ բացասական գնահատական և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկ:
Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի քննարկում է տեղի ունեցել նաև Փաստաբանների պալատում: Արդյունքը՝ բացասական գնահատական և նախագծում փոփոխություններ կատարելու առաջարկ:
2017-ի դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովը 73 կողմ, 12 դեմ և 6 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը»:
Ըստ հիշյալ կենտրոնի ղեկավարի, օրենքի նախագծում կատարվել են կարևոր փոփոխություններ, սակայն դեռևս առկա են վտանգներ, մասնավորապես՝ 
— Նոր բռնության տեսակ է ավելացվել՝ անտեսումը:
— Նախազգուշացման ենթարկված անձին օրենքը համարում է բռնություն գործադրած անձ (նախորդ նախագծով՝ այդպիսին համարվում էր անհետաձգելի միջամտության որոշումից հետո):
— Քաղաքացուն մեկ տարով վերցնում են հաշվառման և առնվազն ամիսը մեկ անգամ պետք է այցելություն կատարեն, եթե նրա նկատմամբ կայացվել է նախազգուշացման մասին որոշում:
— Ապաստարաններ կարող են հիմնադրել նաև ոչ-առևտրային կազմակերպությունները:
— Չի կարգավորվել ապաստարանի աշխատողների կողմից անօրինական գործողություններ կատարելու հնարավորության հարցը:
— Ամրագրվել է երեխայի լավագույն շահերի առաջնահերթությունը, որը սահմանամերձ գոտիներում բնակվող ընտանիքների համար կարող է վտանգ պարունակել:
Որպես օրենքի նախագծում կատարված դրական փոփոխություններ, Հայկ Այվազյանն, օրինակ, ասաց, որ օրենքում նշվել է ընտանիքում համերաշխության վերականգնման նպատակը, սահմանվել է, որ ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի: Օրենքի նախագծի նախնական տարբերակում իրականացվել են փոփոխություններ՝ ներգրավելով ԱԺ պատգամավորներին, ՀՀ փաստաբանների պալատի մասնագիտական խմբերին, Հանրային խորհրդի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Կատարված աշխատանքների էական դրական արդյունքներից է և այն, որ ապահովվել է բնակչության շրջանում սույն օրենքի մասին աննախադեպ բարձր իրազեկվածությունը («Ընտանեկան բռնության մասին» google.com փնտրման ցանցում արդյունքները՝ 819 000), արդարադատության նախարարության կողմից առաջարկված oրենքի նախագծի քննարկմանը մասնակցած օգտատերերի կեցվածքը հետևյալն է՝ 43 կողմ – 53 դեմ հարաբերակցություն (https://www.e-draft.am/projects/427):
«Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի պաշտոնական դիրքորոշումը, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նախագծի դեմ հնչած ելույթները և Հանրային խորհրդի կողմից տրված բացասական գնահատականը ստիպեցին Արդարադատության նախարարությանը հերթական փոփոխությունները կատարել սեպտեմբերի 9-ին առաջարկված օրենքի նախագծում (5-րդ անգամ)»,- ասաց հիշյալ կենտրոնի ղեկավարը:
Ինչպես նշեց բանախոսը, կլոր-սեղան քննարկումներում, ասուլիսներում, մասնագիտական գնահատականներում օրենքի նախագիծը հստակորեն քննադատվել է: Քարոզչական դաշտում կատարված աշխատանքի արդյունքում բնակչության մոտ ամրագրվել է այն տեսակետը, որ սույն օրենքի նախագիծը, այնուամենայնիվ, պարտադրվում է Եվրամիության կողմից: Դրա մասին է անուղղակիորեն վկայում նաև այն փաստը, որ օրենքի նախագիծը խիստ հրատապ կարգով մտցվեց Ազգային ժողով՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից ընդամենը 1-2 օր առաջ:
«Ազգային ժողովում օրենքի նախագծի քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ այդ օրենքի նախագծի դեմ պատգամավորներ կան և՛ իշխող ՀՀԿ-ի, և՛ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցություններում, ովքեր իրենց կեցվածքն արտահայտեցին կա՛մ դեմ քվեարկելով, կա՛մ չմասնակցելով քվեարկությանը, կա՛մ էլ ձեռնպահ լինելով,- ասաց Հայկ Այվազյանը:- Սույն օրենքի նախագիծը և Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրվող այլ օրենքների նախագծերի («Խտրականության դեմ», փոփոխություններ Ընտանեկան օրենսգրքում, Քրեական օրենսգրքում, «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին», «Զբաղվածության մասին» օրենքներում) հանրային քննարկումներում ՀՀ բնակչությունը հերթական անգամ համոզվեց, որ Եվրամիությունը մի կառույց է, որը ցանկանում է փոփոխել հայ ժողովրդի մոտ ավանդական ընտանեական արժեհամակարգը, ընտանիքի ինստիտուտի մոդելը՝ քանդելով ընտանիքները, միասեռականություն քարոզելով և միասեռականների իրավունքները պաշտպանելով»:
Եվրամիությունը, հիշյալ կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, այլևս գիտի, որ Հայաստանում առկա է դիմադրության որոշակի ճակատ առ այն, որ ընտանիքի մասին այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ նոր իրավական ակտեր մտցնելու փորձի ժամանակ կհանդիպի լուրջ դիմադրության և՛ ժողովրդի, և՛ հասարակական կառույցների, և՛ անգամ ընդդիմադիր ու իշխանական օղակների մոտ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք