Պարզվել է Պռոշյանում ծառի տակ թողնված նորածնի մոր ինքնությունը


Պարզվել է Պռոշյանում ծառի տակ թողնված նորածնի մոր ինքնությունը

  • 30-01-2018 11:35:03   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը:
 
2017 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 09:20-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հողամասում՝ ծառի տակ, թողնվել է նորածին երեխա: Իգական սեռի երեխային հայտնաբերել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչը՝ իրենց տան բակում գտնվող սալորի ծառի տակ:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում:
 
Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, ով Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ.:
 
Նախնական քննության տվյալներով` կինը ծննդաբերել է 2017թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 04:00-05:00 սահմաններում, տնային պայմաններում, ինչից հետո էլ երեխային թողել է Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող այգում :
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նորածնի մորն այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հարցաքննվել:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play