Սահմանափակող գլխավոր խաղացողն ու սահմանափակվող գործիքը.Շահան Գանտահարյան


Սահմանափակող գլխավոր խաղացողն ու սահմանափակվող գործիքը.Շահան Գանտահարյան

  • 30-01-2018 17:09:14   | Լիբանան  |  Վերլուծություն

Սահմանափակող գլխավոր խաղացողն ու սահմանափակվող գործիքը
 
Թուրքիայի նախագահը միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենու ճյուղ»  զինվորական ներխուժման նպատակը հայտարարում էր, «Մանբիջը պիտի ձերբազատենք ահաբեկիչներից… որովհետեւ նրանք այդ տարածքի իսկական տերերը չեն. իսկական տերերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողությունները պիտի շարունակենք ու հասնենք մինչեւ իրաքյան սահման` վնասազերծելու համար բոլոր ահաբեկիչներին»։
 
Միայն օրեր հետո` Թուրքիայի կառավարությունը հաղորդում էր, որ «Ձիթենու ճյուղ»  գործողությունը սահմանափակ է եւ դրա թիրախը Աֆրինի շրջանում գտնվող ահաբեկիչներն են:
 
Անկարայի կողմից իբրեւ թե Սիրիան ահաբեկչազերծելու քաղաքականությամբ արդարացվող ներխուժումը էությունը եւ ուղղությունն սկսել է փոխել երեւութապես: Իսլամական ջիհադի, ահաբեկչազերծման, քրդական գործոնի չեզոքացման դրոշների ներքո  պատերազմ մղելով Անկարան ըստ էության իր հին հանկերգն է, որը փորձում է իրականության վերածել: Անվտանգության գոտիների ստեղծման Անկարայի ծրագիրը, որը մերժվում էր միջազգային համաժողովների, հիմա գետնի վրա առարկայացման հանգրվաններ  է արձանագրում։
 
Անվտանգության գոտու սահմանագծումը հեշտ չի ընթացել: Որքան էլ համաձայնցված եւ թույլատրված ներխուժում լիներ դեպի Աֆրին թուրքական զորքերի տեղաշարժը, այնուամենայնիվ որոշ գոտիներում մի քայլ առաջ երկու քայլ հետ տեղապտույտները տեսանելի են դառնում:
 
Սահմանափակումը, որի մասին ակնարկություն է անում պաշտոնական Անկարան, խորքում թուրքական ուժերին պարտադրված սահմանափակում է: Քրդական զինյալ խմբավորումները այնքան չպիտի չեզոքացվեն, որ Անկարան կարողանա իր առաջադրած գոտիները վերահսկողության տակ առնել: Միաժամանակ սակայն, Սիրիայի տարածքում քրդերի աշխարհագրական միավորումը չպիտի կայանա, որպեսզի իրողապես ինքնավար իրավիճակը նոր միտումներ չպարզի:
 
Ուժերի հավասարակշռման այս խաղի կանոնները որոշ առումով թելադրում է գլխավոր խաղացող Ռուսաստանը, որը ահա ստանձնել է միջնորդությունը քրդական ուժեր-Դամասկոս բանակցությունների գործընթացում:
 
Այդ բանակացությունները նպատակադրում են Աֆրինի վերահսկողությունը հանձնել պաշտոնական Դամասկոսին:
 
Եթե դա իրականանա, ինչպե՞ս կմեկնաբանվի մինչ այդ պատահածը: Անկարան կանաչ լույս  է ստանում Մոսկվայից սկսելու ներխուժման գործողությունը: Համեմատաբար արագ ներխուժմանը հաջորդում են լուրջ դիմադրություններ: Վերագրավվում են դիրքեր, որոնք քրդերը կորցրել էին: Քուրդ-թուրք պատերազմը որոշ տեղեր կերպարանափոխվում է եւ վերածվում կառավարական եւ դրանց հենած ժողովրդային ուժերի եւ սիրիական ընդդիմադիր ուժերի միջեւ ընդհարումների:Կտրուկ կշռույթներով երկու ուղղություննեով էլ գրավում են, կորցնում եւ վերագրավում կարեւոր դիրքեր:
 
Այս բոլորին զուգահեռ միայն օրերի տարբերությամբ թուրքական հոխորտանքները մինչեւ իրաքյան սահմաններ ներխուժում ծավալելու կվերածվեն սահմանափակվելու որոշումների: Մինչ, քաղաքական բանակցային գործընթացը թե Աֆրինի ճակատագիրը ճշտելու տեղական առումով եւ թե Սոչիի բանակցությունները դարձյալ գլխավոր միջնորդի նախաձեռնությամբ Սիրիայի հանգուցալուծման ուղիները ճշտելու տեղի կունենան միեւնույն օրերին:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play