«Կրեմլյան ցուցակը» էական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Ստյոպա Սաֆարյան


«Կրեմլյան ցուցակը» էական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Ստյոպա Սաֆարյան

  • 30-01-2018 18:20:21   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած պատժամիջոցների «կրեմլյան ցուցակը» էական վնաս կհասցնի նաև Հայաստանի տնտեսությանը, և Հայաստանի շուրջ օղակը կսեղմվի: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
 
«Հայաստանում ռուսաստանյան բիզնեսն ունի բավական մեծ ներկայացվածություն, նաև ի դեմս ռուսաստանյան կազմակերպությունների, որոնք պատժամիջոցների տակ են ընկնում, կամ այն պաշտոնյաների, որոնց անունը հայտնվել է պատժամիջոցների ցանկում: Ընդ որում, այս պատժամիջոցների փաթեթի առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն պատժամիջոց է այդ անձանց դեմ, այլ պատժամիջոց է նաև այն անձանց դեմ, ովքեր կհամագործակցեն այդ անձանց ու ընկերությունների հետ: Սա արդեն բավական մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի համար»,- ասաց Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կանխատեսեր այս իրավիճակը և ավելի արագ իրականացներ երկրի տնտեսության դիվերսիֆիկացիան, վերացներ ծայրահեղ կախվածությունը ռուսաստանյան ընկերություններից: Սաֆարյանի խոսքով՝ այս պատժամիջոցները կարող են ահռելի վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը, եթե այդ ընկերությունների գործունեության դաշտը մեր երկրում շատ սահմանափակ դառնա կամ եթե հայաստանյան որևէ ընկերություն կամ գործարար փորձի համագործակցել նրանց հետ:
«Վնասի գնահատում տնտեսական ցուցանիշներով կդժվարանամ անել, բայց որակական գնահատականն այն է, որ օղակը սեղմվում է նաև Հայաստանի տնտեսության շուրջ: Եվ Հայաստանի այս կառավարությունը, որն իր կատարած քայլերով ամենևին չի համոզել, թե ուզում է Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնել, ի՞նչ պետք է անի այժմ: Սա ոչ միայն արտաքին լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, որ խաղի կանոններ են խստացվում, այլ նաև ներքին մարտահրավեր է այն առումով, որ ՀՀ ներկայիս կառավարությունը մինչ այժմ որևէ լուրջ քայլ չի արել երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ», հավելեց նա:
Հնարավոր պատժամիջոցների ցանկում է նաև խոշոր գործարար Սամվել Կարապետյանի անունը, ով պետք է ներդրումներ կատարի ՀՀ էներգետիկ ոլորտում: Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ պատժամիջոցները կարող են բացասական անդրադառնալ նաև այդ ներդրումային ծրագրերի վրա:
“Գոնե այս փուլում դինամիկ զարգացման վիճակում է մեր էներգետիկ ոլորտը: Եվ այդտեղ անթաքույց արևմտյան, չինական, իրանական լուրջ մրցակիցներ կան: Եվ ՀՀ կառավարությունը շատ կաշկանդված կլինի առավելություններ տալու այն նախագծերին, որոնց հեղինակները պատժամիջոցների տակ են”,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՌԴ և ՀՀ քաղաքական վերնախավի սերտ համագործակցությանը, Սաֆարյանը նշեց, որ դժվար թե պատժամիջոցները տարածվեն քաղաքական համագործակցության վրա: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Հայաստանի քաղաքական կախվածությունը Ռուսաստանից ուղղակի անհերքելի փաստ է ընկալում:
“Իհարկե, Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու շահագրգռության մասին մեկ հայտարարություն չէ, որ արվել է ամերիկյան կողմից, այսինքն՝ այդ առումով մեզ օգնելու պատրաստակամության մասին, բայց Վաշինգտոնում ու Բրյուսելում հրաշալի հասկանում են, որ Հայաստանը ռազմաքաղաքական առումով կախված է Ռուսաստանից: Հետևաբար, եթե նման խնդիր լիներ, մինչ այժմ կլիներ: Խնդիրներ կլինեն այն առումով, եթե Հայաստանի որևէ ընկերության վարքագիծը կամ հարաբերություններն այդ ընկերությունների կամ անձանց հետ ինչ-որ ձևով թուլացնեն ամերիկյան քաղաքականութունը կամ պատժամիջոցների հետևանքները, որոնք ԱՄՆ-ում հաշվարկված են: Այս առումով կարմիր լույսեր կարող են վառվել”, ասաց քաղաքագետը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն