Գործարարներն ահազանգում են ՀԷԿ-երի պատճառով Եղեգիս գետի ցամաքելու մասին, իսկ պատկան մարմինները հակադարձում են՝ պատճառը եղանակային պայմաններն են (տեսանյութ)


Գործարարներն ահազանգում են ՀԷԿ-երի պատճառով Եղեգիս գետի ցամաքելու մասին, իսկ պատկան մարմինները հակադարձում են՝ պատճառը եղանակային պայմաններն են (տեսանյութ)

  • 30-01-2018 18:49:24   | Հայաստան  |  Հասարակություն



 
Գոմեշաբուծությամբ զբաղվող գործարարներ՝ Հովհաննես Ստեփանյանը և Տիգրան Եղոյանը դժգոհում են, որ Եղեգնաձորի ՀԷԿ-երի շահագործման պատճառով Եղեգիս գետը ցամաքել է և գարշահոտություն է տարածվել, իսկ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ պատճառը եղանակային պայմաններն են: 
 
Ինչպես հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց 1985 թվականից Հայաստանում հաստատված սփյուռքահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանը, «ԳեղԱստղ» ծրագրի շրջանակներում Եղեգնաձորում գոմեշաբուծություն կազմակերպելու համար ջուր է անհրաժեշտ, սակայն նշյալ գետի վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով գետը վերածվել է առվակի: 
 
Ըստ նրա՝  ՀԷՑ-ի հետ իրենց բանավեճը հասել է այնտեղ, որ դատական գործընթաց է սկսվել, որի ընթացքում պատասխանող կողմն ընդունել է սխալը և հաշտության համաձայնագիր կնքել մեղադրող կողմի հետ՝ փոխհատուցելով պատճառած բոլոր վնասների դիմաց: 
 
Հ. Ստեփանյանի խոսքերով՝ անկախ նրանից, թե ով կամ ինչ ծրագրի շրջանակներում է իրականացնում գոմեշաբուծությունը տվյալ տարածքում, եթե կա բնապահպանական խնդիր, ապա յուրաքանչյուր քաղաքացու պարտավորությունն է ահազանգել դրա մասին, ինչպես որ իրենք են արել նախկինում և հիմա:  
 
«09.08.2017 թվականին մենք բարձրացրել ենք այդ խնդրի մասին բնապահպանության նախարարությանն ուղղված նամակում և մեկ ամիս ուշացումով ստացել ենք պատասխան, որի մեջ հստակ գրված է, որ Եղեգիս գետի վրա կառուցված է 9 փոքրիկ ՀԷԿ, սակայն մենք հիմա ձեզ ցույց կտանք առնվազն 15 հիդրոէլեկտրակայանների նկարներ»,- նշեց գործարարը՝  ասուլիսին ներկա Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներին հարց ուղղելով այն մասին, թե որքանով է բնությունը պահպանված, երբ հսկա գետը վերածվում է առվակի:
 
Ի պատասխան՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը նշեց, որ իրենց ուղարկված նամակում նշված է եղել, որ շահագործվում է 9 փոքր ՀԷԿ, իսկ 6-ը՝  կառուցման փուլում են գտնվում։ 
 
«Ձեր ուղարկած նամակին պատասխանելուց հետո եղել են ուսումնասիրություններ և մեր գործակալության, և այդ ժամանակ բնապահպանական պետական տեսչության, ինչպես նաև նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեկյանի կողմից, բայց ձեր տարածքում էլ են փորձել ուսումնասիրություններ կատարել, և Ա. Ղարաբեկյանի փոխանցմամբ՝ դուք թույլ չեք տվել ձեր տարածքում  ուսումնասիրություն կատարել»,- նշեց Վ. Դավթյանը: 
 
Իր հերթին «ԳեղԱստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը փաստեց, որ իրենց կողմից նշված բոլոր 15 ՀԷԿ-երը գործող են, և նույնիսկ Շատին համայնքում են պատրաստակամություն հայտնել միանալ ստորագրահավաքի առ այն, որ Եղեգիս գետի ցամաքելու պատճառով վնասներ են կրում ոչ միայն գոմեշաբուծությամբ զբաղվող գործարարները, այլև գյուղացիները, որոնց պտղատու այգիները չորացել են: 
 
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ չի եղել մեկ բնապահպան, ով ցանկացել է մտնել մեր տարածք, իսկ մենք թույլ չենք տվել, ավելին, որ այդ գետը մեր տարածքում չի: Բնապահպանության հարգելի ներկայացուցիչներ, եկեք գնանք գյուղ առ գյուղ խոսենք այս խնդիրների մասին և կտեսնեք, թե ինչպես են ձեզ պատասխանելու գյուղացիները»,- նշեց նա: 
 
ՀՀ «Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավաբան Էմիլ Միրզոյանի փոխանցմամբ՝ իրենք բավականին լուրջ ուսումնասիրություններ են իրականացրել կոնկրետ Եղեգիս գետի ջրավազանի տարածքում և հանգել այն եզրակացության, որ գետի   սակավաջրության պատճառը փոքր ՀԷԿ-երը չեն: 
 
Ըստ նրա՝  Եղեգիս գետի սակավաջրությունը կապված է Արփա-Սևան թունելի և Կեչուտի ճրամբարի հետ, որտեղ առկա է ջրօգտագործման չարաշահումներ: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն