«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք կողմնակից ենք կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման». Արմեն Աշոտյան


«ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք կողմնակից ենք կայուն համագործակցության՝ հանուն կայուն զարգացման». Արմեն Աշոտյան

  • 30-01-2018 19:10:49   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն

Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: 
Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք հայտնելով, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման համար՝ ապահովելով կայուն զարգացման եւ գործընկերության առավել ամուր հիմք: 
 
Հանդիպման ընթացում կողմերը կարեւորել են Եվրանեսթ ԽՎ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում առավել ակտիվ եւ կառուցողական համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական գործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը: 
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակի պահպանման հետ կապված ջանքերը: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում: 
Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ Լասլո Տոկեշի հետ, ով ԵԽ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցողն է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման դյուրին գործընթացի կարեւորությանը: 
Այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ տիկին Ռեբեքա Հարմսի հետ: 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության ձեւաչափին առնչվող բազմաթիվ հարցեր, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում կարեւորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դերը: 
Արմեն Աշոտյանը Ռեբեքա Հարմսին հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումին: 
Արմեն Աշոտյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում շարունակվում են: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն