«25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությանն օժանդակել և այն ավարտին են հասցրել իրավապահ մարմինները․ նոր բացահայտումներ». սպանվածի մայր (տեսանյութ)


«25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությանն օժանդակել և այն ավարտին են հասցրել իրավապահ մարմինները․ նոր բացահայտումներ». սպանվածի մայր (տեսանյութ)

  • 30-01-2018 21:32:43   | Հայաստան  |  Իրավունք



 
25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությանն օժանդակել և այն ավարտին են հասցրել իրավապահ մարմինները, մասնավորապես, Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի նախկին պետ, փոխգնդապետ Հրաչյա Սահակյանը և վերջինիս տեղակալ Արա Ազնավուրյանը: 
 
Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սպանվածի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, որդու սպանությունը պատվիրված է եղել, իսկ պատվիրատուն նախկինում Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքի բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է: 
 
Ըստ նրա՝ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրում մի ամբողջ խմբավորում է եղել, որոնց օգտագործել են որպես գործիք թվում վերոնշյալ իրավապահ անձիք, ինչով էլ պայմանավորված է հարուցված քրեական գործի ոչ պատշաճ բացահայտումը և բազմաթիվ ապօրինություններով ու խախտումներով ընթացող դատավարությունը:  
 
«Որդուս սպանությունը եղել է կոնկրետ անձի կողմից պատվիրված սպանություն, տվյալ անձը, համագործակցելով իրավապահ մարմինների հետ, քիչ առաջ իմ կողմից նշված ոստիկանների հետ, կազմակերպել է շատ ավելի ապահով ձևով, հետագայում անպատժելիությունը հաշվի առնելով՝ իրականացրել են որդուս սպանությունը»,- նշեց Ռ. Ադանալյանը՝ շեշտելով, որ Արտյոմի սպանությունից հետո հենց Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի նախկին պետ, փոխգնդապետ Հրաչյա Սահակյանի ձեռքի տակով են անցել գործին վերաբերող հետաքննչական բոլոր գործողությունները: 
 
Որդեկորույս մոր փոխանցմամբ՝ նշյալ հանգամանքի մասին ինքը գրել է ՀՀ ոստիկանապետին՝ հայտնելով, որ Հ. Սահակյանը մասնակցել է իր որդու սպանությանը, իսկ դեպքից հինգ ամիս անց նրա լիազորությունները դադարեցվել են: 
 
Ռ. Ադանալյանի խոսքերով՝ ինքն անձամբ վեցը հայտարարություն է տվել հանցագործության մասին ինչպես ոստիկանության Շիրակի մարզի բաժանմունքում, այնպես էլ Գլխավոր դատախազությունում, սակայն քննչական մարմինները ոչ միայն քննություն չեն իրականացրել, այլև պատասխանել են, որ հանցագործության վերաբերյալ տվյալներ չկան և դրանք ընդամենը ենթադրություններ են: 
 
Անդրադառնալով իր իսկ պնդմամբ՝ Ա. Ադանալյանի սպանության պատվիրատուին՝ Շիրակի մարզի կանանց, ընտանիքի և երեխաների իրավունքի բաժնի պետ Լուսինե Գինոսյանին, Ռ. Ադանալյանը տեղեկացրեց, որ ժամանակին այդ կնոջ հետ քաղաքացիաիրավական վեճ է ունեցել, որն ավարտվել է Վերաքննիչ դատարանում: 
 
«Այս կինը պետական պաշտոնյա էր, ժամանակին իմ նկատմամբ թույլ տված գործողությունների ժամանակ (խոշոր չափերի ֆինանսական վնաս է հասցրել Ռ. Ադանալյանին) ստացավ համապատասխան պատասխան, ինչը չմարսվեց, և նա սկսեց քրեական հետապնդումներ իրականացնել իմ նկատմամբ, սակայն դրանք ժամանակին իրականացվեցին և կանխվեցին: Լուրեր էին շրջանառվում, որ այս կինը մասնակցում է մանկատան երեխաների վաճառքին, կեղծ որդեգրումներ ձևակերպում, կեղծ թաղումներ իրականացնում. երբ ես այդ մասին բարձրաձայնեցի, իրավիճակը մի քիչ հետ նահանջեց»,- ընդգծեց Ռ. Ադանալյանը՝ հավելելով, որ 2017թվականի օգոստոսին հաղորդում է տվել Լուսինե Գինոսյանի հանցավոր գործողությունների վերաբերյալ և նույն թվականի սեպտեմբերին իր  նկատմամբ վրաերթ է իրականացվել, որը մինչ օրս քննության է առնվում, իսկ վրաերթը իրականացնող անձը պատասխանատվության չի ենթարկվել: 
 
Տուժողի իրավահաջորդի պնդմամբ՝ Լ. Գինոսյանը ցանկացել է իրեն ոչնչացնել, սակայն տեսնելով, որ չի ստացվում, որոշել է Արտյոմ Ադանալյանի սպանության միջոցով վրեժխնդիր լինել: 
 
Նա ևս մեկ անգամ բարձրաձայնեց այն բոլոր ապօրինությունների ու բացթողումների մասին, որոնք իրականացվում են դատական ատյանների ու քննչական մարմինների կողմից: 
 
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝  նմանատիպ խայտառակ քրեական գործի շրջանակներում իրականացվող դատավարություններ ինքը երբևէ իր պրակտիկայում չի հանդիպել: 
 
«Տիկին Ռուզաննան այնպիսի հիմնավոր հայտարարություններ է տվել հանցագործությունների մասին, բայց մեր դատախազությունը, քննչական մարմիններն անգամ քննություն չեն իրականացրել: Այլ բան, քան պատվիրված սպանություն, ես չեմ կարող գնահատել կատարվածը»,- ընդգծեց Ն. Կարապետյանցը՝ հավելելով, որ Շիրակի մարզում Լ. Գինոսյանն աննախադեպ հովանավորչություն ունի պետական և իրավապահ կառույցների կողմից:  
 
Իրավապաշտպանի խոսքերով՝ Ռ. Ադանալյանն այժմ հայտնվել է մի փակուղու առջև, որից դուրս գալու ելքերը չեն նշմարվում, հետևաբար ստեղծված իրավիճակը կարող է ստիպել նրան գնալ ինքնադատաստանի ճանապարհով: 
 
Նշենք, որ հունվարի 29-ին Ռ. Ադանալյանը և Ն. Կարապետյանցը նախնական պայմանավորվածության համաձայն ընդունելության էին ՀՀ  արդարադատության նախարարությունում: 
 
Ստորև ներկայացնում ենք հանդիպման մանրամասները.
 
«Ես և իմ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը նախնական պայմանավորվածության համաձայն ընդունելության էինք նշանակված ՀՀ արդարադատության նախարարությունում՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի կատարած ապօրինությունների և դատավորի վարքագծի և էթիկայի  կանոնագրքով  նախատեսված խախտումների վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին:
 
Նախ ասեմ,որ դեռևս 29.06.2017թ.-ին այդ մասին հայտնել եմ  ՀՀարդարադատության նախարարին: Տևական ժամանակ անց ստացել եմ պատասխան,որ իմ դիմումը դեռևս ուսումնասիրման փուլում է և դրա արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ: 
 
07.12.2017թ.-ին ստացել եմ պատասխան,առ այն,որ ուսումնասիրության արդյունքում չեն հայտանաբերվել ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի խախտումներ:
 
Հաշվի առնելով, որ իմ բողոքում բացառապես ակնհայտ են տվյալ հոդվածի խախտումները և ՀՀ արդարադատությունից ստացված պատասխանը չի համապատասխանում առկա փաստական տվյալներին, տվյալ պատասխանի անբավարար լինելու հիմքով նախատեսվել էր այս ընդունելությունը, որը կազմակերպվեց վերահսկողական բաժնի պետ՝ Միքայել Մինասյանի մոտ: Լսելով և քննարկելով մի շարք փաստական հանգամանքներ, ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա՝ 29.01.2018թ.-ի դիմումում ներկայացված այլ խախտումների և ապօրինությունների վերաբերյալ, խոստացան նախաձեռնել համապատասխան միջոցներ: Բացի դրանից հայտնեցի նաև, որ նախարարը միջնորդություն ներկայանցնի ՀՀ արդարադատության խորհրդին կարգապահական վարույթ հարուցելու,ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու դատավոր Ա. Մանուկյանին շահադիտական և անձնական նկատառումներից ելնելով դատական ակտեր կայացնելու համար»:
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play