ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավարին

  • 31-01-2018 14:00:23   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի ստորաբաժանման հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանին` համագործակցության վերաբերյալ ծրագրային առաջարկներ ներկայացնելու մասին: 
 
Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ներկայումս ոլորտի առաջնահերթությունների թվում են փոքր և միջին ձեռնարկատիրության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների, սառնարանային տնտեսությունների, կաթի մթերման կայանների ստեղծումը, բուսաբուծության և անասնապահության ճյուղերում բարձր ավելացված արժեք ապահովող գյուղատնտեսական մթերքների արտադրության գերակշռումը, տեղական գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման նպատակով ջերմոցների հիմնումը:
Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը նշել է, որ ներկայումս կառավարության թիրախային ուղղություններից մեկը փոքր ֆերմերներին աջակցություն ցուցաբերելն  է, ինչը թույլ կտա ավելացնել նրանց եկամուտները: Միաժամանակ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների պատրաստումը և  համայնքներում` ագրարային ոլորտում բիզնես-ծրագրերի մշակման և իրագործման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: 
Ռամի Սալմանն իր հերթին  վերահաստատել է պատրաստակամությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և մասնավոր հատվածի ներգրավմամբ քննարկել համատեղ  նոր ծրագրերի մշակման և իրականացման հնարավորությունը, որոնք համահունչ կլինեն ոլորտի ներկայիս առաջնահերթություններին և գերակա խնդիրներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  ձևավորել աշխատանքային խումբ, որում կընդգրկվեն Գյուղատնտեսության նախարարության, մասնավոր հատվածի և IFAD-ի ներկայացուցիչներ՝ կարճաժամկետ (2019-2020 թթ)  և երկարաժամկետ (2019-2024 թթ)  ոլորտի զարգացման ռազմավարության մշակման նպատակով: 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և   հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն