Իգնատի Առաքելյանը հանդիպել է խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ


Իգնատի Առաքելյանը հանդիպել է խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ

  • 31-01-2018 17:58:12   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հունվարի 30-ին հանդիպել է  խոզաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և ֆերմերների հետ  անասնաբուծության զարգացմանն առնչվող ընթացիկ խնդիրներ քննարկելու նպատակով:
 
Քննարկմանը  մասնակցում էին նաև  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հանդիպման  ընթացքում մասնավորապես քննարկվել են  շուկայում գրանցված մսի թանկացմանը, ինչպես նաև անասնաբուծության զարգացմանը միտված  պետական օժանդակության  ծրագրերի մշակմանը,  գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանը,   «Գյուղատնտեսական կենդանիների  պատվաստումներ»  ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացված ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցման գործընթացին առնչվող հարցեր:
 
 «Անասնաբուծության ոլորտը գյուղատնտեսության նախարարության  ուշադրության կենտրոնում է: Նախարարության աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենալու որորտի ներակայացուցիչների հետ՝  անասնաբուծության զարգացմանն ուղղված  պետական օժանդակության  ծրագրերի վերաբերյալ հարցեր քննարկելու և առավել արդյունավետ ուղիներ մշակելու համար»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Խոզաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն ու ֆերմերներն առաջարկել են, որպեսզի անասնակերի պահեստային ֆոնդ  ստեղծվի, ինչը թույլ կտա խուսափել խոզի մսի գնի տատանումից՝ հաշվի առնելով, որ գնի ձևավորման 80 տոկոսն անմիջականորեն պայմանավորված է անասնակերի գնով:  Ըստ ներկաների՝ խոզի մսի այսօրվա գնաճը մասամբ  պայմանավորված է միջազգային շուկայի  գնային  քաղակաքականությամբ և   անասնակեր հանդիսացող գարու և ցորենի թանկացմամբ, քանզի    հացահատիկի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատությամբ այսօր մոտ 40 տոկոս  գնաճ է առկա:
Թե խոզաբուծությամբ, թե ոչխարաբուծությամբ զբաղվողները նշել են, որ ընթացիկ տարում նախատեսում են ավելացնել անասնագլխանակը, որովհետև չնայած ռիսկերին՝ անասնապահությամբ զբաղվելը շահավետ է:         
 
Գյուղատնտեսները կարևորել են  կենդանիների  պատվաստումների կազմակերպման գործընթացը, որի շնորհիվ հնարավոր է եղել կանխել տարատեսակ հիվանդությունները:
Նախարար Առաքելյանը տեղեկացրել է, որ պատվաստումների գործընթացն առավել կատարելագործելու նպատակով ներդրվում է  համայնքը սպասարկող   հաստիքային անասնաբույժների ինստիտուտ, ինչի շնորհիվ ընտրվելու են  լավագույն անասնաբույժները, որոնք կվերապատրաստվեն պետության հաշվին:
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն